Ռուսաստանի մոտ ամեն ինչը ֆեյք է, այլապես չեչենների հույսին չէին մնա. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
ա

Օբյեկտիվ պատճառներով հիմա շատ է խոսվում ֆաշիզմի մասին: Քանի որ երեկ շատերը տոնում էին ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օրը, ասի մի երկու փաստ ներկայացնեմ ձեզ մտորելու համար:

Համարվում է, որ ֆաշիզմը ծնվել է Իտալայում, թեպետ այդ շարժման գաղափարական դոկտրինները շատ հին են ու նույնիսկ հին Չինաստանում էին գործում: Բուն բառը նշանակում է միութենականություն և կոչված էր վերամիավորել մասնատված Իտալիան, սա էլ իրենց միացման շարժումն էր: Արձագանքելով արտաքին մարտահրավերներին` ֆաշիստները հակված էին խիստ վերահսկել տնտեսական սեկտորը ի շահ պետության և առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում բնակչության մարտական պատրաստությանը: Ֆաշիստների փիլիսոփայական շառավիղը կայանում էր նրանում, որ անհատը պետք է դիտարկվի մի մեծ համախմբման մասնիկև ունենա ամուր սոցիալական կապեր ընտանիքի, ընկերության և այլ օղակներում:

Քանի որ պատմության այս կամ այլ փուլում վերոհիշյալ բնութագրությունը կարելի էր վերագրել աշխարհի երկների ճնշող մեծամասնությանը, արևմտյան քաղաքակրթությունը ֆաշիզմի ավելի մանրամասն նկարագրություն է որդեգրել: Նկարագրություն, որն ըստ էության միտված էր հստակ ընդգծել ֆաշիզմի անընդունելի դրսևորումները: Այդ նկարագրությունը լավագույնս ամփոփել է իտալացի պատմաբան ՈՒմբերտո Էկոն: Հենց իր ստեղծած 14 կետանոց աղյուսակով են շափում, թե ինչքան ֆաշիստական է դիտարկվող հասարակությունը:

Այդ 14 կետերն են՝

1. Ավանդապաշտություն

2. Մոդերնիզմի ժխտում

3. Գործողություն հանուն գործողության

4. Այլակարծության հանդեպ անհանդուրժողականություն

5. Վախ բազմազանության հանդեպ

6. Սոցիալական լարվածության շահագործում

7. Դավադրապաշտության վրա սևեռում

8. Թշնամին միշտ համ ուժեղ է համ թույլ/նվազ

9. Պացիֆիզմը հավասարեցվում է դավաճանության

10. Թուլության հանդեպ ատելություն

11. Հերոսապաշտություն

12. Առնականություն և զենքապաշտություն

13. Ընտրովի պոպուլիզմ

14. Հատուկ լեզվամտածողություն (օրինակ՝ թրքաբարո իշխանությունները կամ թալանչի նախկինները)

Ասածս ինչ է՝ եթե սա կարդալով դուք հասկանում եք, որ կետերի գոնե 80%-ը արտացոլում են ձեր էությունը, ուրեմն ֆաշիսզմի նկատմամբ հաղթանակը հավերժացնող համանուն այգին երևի ձեր տեղը չէ: Խնդիրը նրանում է, որ ես չգիտեմ առհասարակ այդ այգի ով պիտի գնա... Էսօր նույնիսկ լգբտ ակտիվիստներն են ձեռք բերում ֆաշիստական սովորություններ: Էլ չասեմ, որ Ստալինյան Սովետը 14-ից 14 կստանար այս քննությանը ու փլուզվեց այդ երկիրը այս կետերից հեռվանալու պատճառով: Լավ էր դա, թե վատ այլ հարց է:

Նենց որ՝ Շնորհավոր, ժողովուրդ ջան!

Հ.Գ. շատերի մոտ ցանկություն կառաջանա Ումբերտո Էկոյի այս քննությանը ենթարկել էսօրվա Ռուսաստանն ու որոշակի եզրահանգումների գալ ռուս-ուկրաինական թեմայով: Ես, սակայն, պետք է ասեմ, որ եզրահանգումներն ըստ ամենայնի թյուր կլինեն: Էսօրվա ՌԴ-ն անշուշտ փորձում է բոլոր 14 կետին համապատասխանել, բայց փաստացի միայն դրա տնազն է կարողանում անել, իրենց մոտ ամեն ինչը ֆեյք է՝ ավանդապաշտությունն էլ, հերոսապաշտությունն էլ, մարտնչող առնականությունն էլ, այլապես չեչենների հույսին չէին մնա: Ռուսները իրենց էությամբ գերլիբեռալ են, ու դա վիճակագրական փաստ է: Իմիջիայլոց, Ուկրաինան էլ է ֆեյք, տվյալ դեպքում ֆեյք դեմոկրատիա, իր ֆեյք գեյ-պառադներով և այլն... ու ստացվում է, որ ֆեյք լիբերալները հաղթում են ֆեյք ֆաշիստներին, ինչը թերևս շատ տրամաբանական է:

Արթուր Դանիելյան