Twitter-ի կառավարման խորհուրդը գործարկել է Poison Pill պլանը Մասկի՝ ընկերությունը գնելու առաջարկից հետո

Մանրամասներ
ա

Twitter-ը բաժնետերերի իրավունքների պաշտպանության ժամանակավոր պլան է ընդունել, որը հաճախ Poison Pill (թունավոր հաբ) է կոչվում, երբ միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկեց գնել ընկերությունը 43 միլիարդ դոլարով, հայտնում է CNBC-ն։

Խորհուրդը միաձայն կողմ էր քվեարկել պլանի ընդունմանը:

Նոր պլանի համաձայն՝ եթե որեւէ անհատ կամ խումբ ձեռք բերի Twitter-ի ընդհանուր բաժնետոմսերի առնվազն 15 տոկոսի շահառու սեփականությունը՝ առանց խորհրդի հավանության, մյուս բաժնետերերին կթույլատրվի զեղչով լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերել: Պլանի ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի 14-ին։

Twitter-ում նշել են, որ պլանը չի խանգարի խորհրդին ընդունել գնման առաջարկը, եթե խորհուրդը համարի, որ դա բխում է ընկերության եւ դրա բաժնետերերի լավագույն շահերից:

Մասկին արդեն պատկանում է Twitter-ի ավելի քան 9 տոկոսը։ Նրա բաժնետոմսերի հրապարակումից անմիջապես հետո Twitter-ի գործադիր տնօրենը հայտարարեց Մասկի՝ խորհրդի անդամ դառնալու ծրագրերի մասին: Սակայն մի քանի օր անց Մասկը փոխեց իր կուրսը եւ որոշեց, այնուամենայնիվ, չմտնել տնօրենների խորհրդի կազմ: