Բելառուսի ՊՆ-ն հերքում է «ՌԴ-ն սադրանք է պատրաստում ընդդեմ Բելառուսի» ուկրաինական կողմի տեղեկությունը

Մանրամասներ

1

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել գրառմամբ՝ դիմելով Բելառուսի ժողովրդին եւ հայտնելով, որ, ըստ ուկրաինական կողմի հավաստի տեղեկության, Ռուսաստանը սադրանք է պատրաստում ընդդեմ Բելառուսի։

«Դիմում եմ Բելառուսի ժողովրդին։ Ընկերնե՛ր, տեղեկության համաձայն, որում մենք լիովին համոզված ենք եւ որը հաստատվել է, այս պահին (Երեւանի ժամանակով 18։00-ի մոտակայքում,- խմբ) ռուսական օկուպացիոն ուժերի հրամանատարությունն արյունոտ սադրանքների շարք է պատրաստում։ Համաձայն նրանց հանցավոր մտադրության՝ ռուսական ավիացիան պատրաստվում է հարված հասցնել Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող մի շարք բնակավայրերի, որոնք գտնվում են ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ»,- գրել է Ռեզնիկովը՝ նշելով, որ, մասնավորապես, Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Բրեստսկի շրջանի Կոպանի, Ստոլինսկի բնակելի թաղամասերին։  

«Հանցանքի քողարկման համար Ռուսաստանը մտադրված է հարձակում իրականացնել Ուկրաինայի օդայից տարածքից։ Սադրանքի նպատակը՝ ստիպել Բելառուսի ներկային ղեկավարությանը պատերազմել Ուկրաինայի դեմ։ Մոսկվան փորձում է ձեզ արյունով կապել։ Վստահեցնում եմ, որ ուկրաինական բանակը չի պլանավորել, չի պլանավորում եւ չի պլանավորելու որեւէ ագրեսիվ գործողություն ընդդեմ Բելառուսի։ 
Պատերազմի 15 օրերի ընթացքում ուկրաինական զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 12 հազար ռուս զինվորի։ Թույլ մի տվեք ձեր երկիրը ներքաշել այս պատերազմի մեջ։ Պահպանեք ձեր մտերիմների կյանքերը։ Թույլ մի տվեք Կրեմլին ոչնչացնել Բելառուսի ապագան»,- գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Բելառուսի Հանրապետության տարածքում հնարավոր հարվածների մասին տարածված տեղեկատվությունը հերթական սադրանքն է և բելառուսական հասարակությանը ցնցելու փորձ»։

«Ժամը 18:30-ի դրությամբ, չնայած ուկրաինացի պաշտոնյաների և տելեգրամյան մի շարք ալիքների հայտարարությունների, ո՛չ օդային տարածքի վերահսկման և հետախուզության միջոցները, ո՛չ էլ ԱԻՆ-ի այդ տարածքներում առաջադրանքներ կատարող ստորաբաժանումները չեն հաստատում նման տեղեկություն»։