Փոթի քաղաքում այսօր՝ հունվարի 29-ին, բացվել է նոր նավահանգիստը, որը կառուցվել է վրացական Pace Group-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) կողմից։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ինչպես բացման արարողության ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախագծում ընդհանուր ներդրումներն արդեն հասել են 93 մլն դոլարի, իսկ երկրորդ փուլի ավարտից հետո այն կավելանա մինչև 120 մլն դոլար։
«DFC-ն տրամադրել է 50 միլիոն դոլարի ֆինանսավորում, ինչը ևս մեկ արտահայտություն է, որ Վրաստանը գրավիչ երկիր է օտարերկրյա ներդրումների համար և որ այն տարածաշրջանում ամենամեծ տարանցիկ և տրանսպորտային ներուժ ունեցող երկիրն է», - ասել է Ղարիբաշվիլին:
Նոր նավահանգիստը կարող է ընդունել և սպասարկել 50 հազար տոննա բեռնանավեր։ Այն նախատեսված է ընդհանուր բեռների, այնպես նաև բեռնարկղերի համար։ Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Ծրագրի շրջանակներում կառուցվել է 260 մետրանոց հենասյուն, հիմնովին վերակառուցվել է երկու հեղեատար։ Նոր նավահանգստի ջրային տարածքից հանվել է 1,5 մլն խմ. մետր ավազ, որի շնորհիվ դրա խորությունը հասցվել է 13 մետրի։ Տարածքում կառուցվել է նաև 50 հազար տոննա տարողությամբ պահեստ, որը հագեցած է բեռնման և բեռնաթափման ավտոմատացված համակարգերով։ 6 հա մակերեսով ապահովված է նաև բաց պահեստ։ Նավահանգիստն ունի երկու վերամբարձ կռունկ, որոնցից յուրաքանչյուրն ունակ է բարձրացնել 100 տոննա բեռ։
Նավահանգստի և տերմինալի կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականին, երբ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Մամուկա Բախտաձեն։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թվականին։
0Comments