Ուրարտուն, Էթիունին և հայ ժողովրդի ծագումը․ պարզաբանում է գիտնականը

Մանրամասներ

1

Հայ ժողովուրդը ձևավորվել է Արարատյան դաշտավայրում և շրջակայքում, այլ ոչ Հայկական լեռնաշխարհի արևմուտքում, ինչպես ժամանակին ընդունված է եղել կարծել։ Այսպես է կարծում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը։

Հայոց ազգածագման վերաբերյալ ժամանակակից գիտության տվյալների տեսությունը և իր տեսակետը գիտնականը շարադրել է մի շարք հոդվածներում և գրքերում, որոնցից վերջինը՝ «Հայ ժողովրդի ծագման խնդիրը», հայերեն լույս է տեսել 2017 թ․ Երևանում, և անգլերենով՝ («The problem of Armenian origins») Վաշինգտոնում, 2018 թ․։

Գրքում Արմեն Պետրոսյանը ներկայացրել է հայ ժողովրդի ծագման վերաբերյալ բոլոր գիտական տեսակետները, ինչպես նաև՝ իր տեսակետի հիմնավորումները։

Ըստ գիտնականի,  այժմ շրջանառվում է հայոց ազգածագման ևս երկու գիտական վարկած, ըստ հայ ցեղանավանը վերագրվող ծագման։ Ըստ մի տեսակետի, հայ ցեղանունը առաջացել է խեթերի՝ կենտրոնական Փոքր Ասիայի հին բնակչության «խատտի» անվանումից, իսկ երկրորդի համաձայն այն ծագում է խեթական արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի արևմուտքում հիշվող Խայասա թագավորության անունից։ Բայց այստեղ, Արմեն Պետրոսյանի խոսքով, մի փոքրիկ խորամանկություն կա․ պետք է ցույց տալ, թե ինչպես է խատտիի և Խայասայի «խ»-ն դառնում «հ» (օրինակ, խատտի  ցեղանունը եբրայենում և հին հունարենում գրվել է, համապատասխանաբար, խ-ով և ք-ով, ինչը բացառում է հ-ով ձևը)։ «Այդ հակասությունը, գոնե տեսականորեն, լուծելի է․ խատտի–հայ անցումը հնարավոր կլիներ, եթե ենթադրենք որ եղել է նաև, ասենք, բարբառային հաթի ձևը, իսկ արգոնավորդների հունական առասպելի մանրամասն քննությունից պարզ է դառնում, որ հնագույն Կոլխիդան համապատասխանել է Խայասային և հունարեն կոչվել է Այա, որը կարող էր Հայասայի հունարեն արտացոլումը լինել։ Այսպիսով, այս վարկածները մնում են տեսական հնարավորությունների սահմանում», - ասում է գիտնականը։

1

Ինչպես նշում է Արմեն Պետրոսյանը, հայոց ծագման և նախապատմության խնդիրներով զբաղվող նախորդ գիտնականները հիմնականում հաշվի չեն առել մեր ունեցած ներքին տվյալները, մասնավորապես, Հայկի և նրա առաջին սերունդների ավանդությունը։ Այն սովորաբար դիտվել է երկու մոտեցմամբ․ 1. այսպես ասած, ճակատային գրոհով՝ հին ավանդությունը պատկերացվել է որպես պատմական աղբյուր և ըստ այդմ էլ քննարկվել 2. այն ամբողջությամբ համարվել է հորինվածք, որը չի կարող (կամ համարյա չի կարող) աղբյուրի դեր կատարել գիտության համար։ Առաջին մոտեցման կողմնակիցներ են եղել հիմնականոում 18-19-րդ դարերի գիտնականները, ասենք՝ Չամչյանը, և այլք, իսկ երկրորդի՝ Աճառյանը և որոշ արևմտյան հեղինակներ։ Մինչդեռ հարցն այդքան պարզ չէ։ Ավանդությունն իրականում առասպելախառն էպոս է, ինչպիսին են և որոշ այլ ժողովուրդների ազգածին ավանդությունները։ Եվ այն կարելի է ուսումնասիրել մի շարք ուղղություններով, որպես հատկապես բանահյուսական և ազգագրական աղբյուր, բայց այնտեղ էպիկական մակարդակով արտացոլված են նաև պատմական՝ ազգածագմանը վերաբերվող տեղեկություններ։

«Ես երկար տարիներ զբաղվել եմ համեմատական առասպելաբանությամբ, և կարող եմ ասել, որ Հայկից մինչև Արա Գեղեցիկ հայոց ավանդական նահապետների պատմությունը հին հայկական աստվածների ծագման (դիցածնության, հունական տերմինով՝ թեոգոնիայի) առասպելն է, որ տեղափոխվել է վիպական՝ էպոսի մակարդակ։ Իսկ առասպելը վիպականանալով, իր մեջ է ներառում պատմական իրողություններ: Հայկը և նրա ժառանգները առասպելական կերպարներ են, բայց նրանց տեղաշարժերը կարող են վկայություններ լինել հին մարդկանց իրական տեղաշարժերի մասին», - պարզաբանում է նա։

Ըստ ավանդության Հայկը, գալով Հայկական լեռնաշխարհ, սկզբնապես հաստատվում է Հարքում՝ Վանա լճի շրջանում, բայց նրա ավագ որդի Արամանյակը տեղաշարժվում է Արարատյան դաշտավայր, որտեղ և նրա որդի Արամայիսը կառուցում է հայոց առաջին մայրաքաղաք Արմավիրը։ «Ապա հիշենք Արարատյան դաշտը եզերող լեռների անվանումները՝ Արագած, Արայի լեռ, Գեղամա լեռներ, Մասիս, որոնք, ըստ ավանդության ծագում են Հայկի ժառանգների՝ Արայի, Գեղամի և Ամասիայի անուններից։  Այստեղ գործում է մեկ սկզբունք. անվանումն առասպելաբանության մեջ համազոր է արարմանը: Այսինքն, հայոց առաջին նախնիների երկրի՝ «հայոց տիեզերքի» արարումը, կենտրոնացած է Արարատյան դաշտում։ Եվ Հայաստանի մայրաքաղաքները՝ Արամավիրից մինչև Երևան, հիմնականում գտնվել են Արարատյան դաշտում (Երվանդաշատ, Արտաշատ, Դվին, Վաղարշապատ)։ Այն արդեն նախապատմական ժամանակներից եղել և մնում է Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակությաին կենտրոնը։ Այստեղ է ազգածին առասպելը տեղայնացնում նախնական Հայաստանը, և դա հորինված բան չէ, փաստ է», - ասում է Արմեն Պետրոսյանը։

1

Գիտնականը նշում է, որ հայերենը հնդեվրոպական լեզու է, և այդ լեզուների նախահիմքը՝ մայր լեզուն պետք է խոսվեր ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ սահմանափակ տարածքում՝ հնդեվրոպական «նախահայրենիքում»: Այդ նախահայրենիքի վերաբերյալ եղել են մի շարք վարկածներ (Հարավային Ռուսաստան, Փոքր Ասիա, Բալկաններ, Հայկական լեռնաշխարհ և այլն)։ Ներկայումս ամենատարածված և հիմնավոր կարծիքի համաձայն, այն գտնվել է Հարավային Ռուսաստանում, բայց տեղի հին մարդկանց մնացորդների գենետիկական քննությունը, ինչպես և հնդեվրոպական նախալեզվի մեջ հին մերձարևելյան մի շարք բառերի առկայությունը ցույց է տալիս, որ այնտեղ եղել է նաև Հայկական լեռնաշխարհից և մերձակայքից տեղափոխված մարդկանց ներհոսք։ Այդ տեսակետը թերևս առավել հիմնավոր հաստատում կստանա ներկայումս առավել արագ զարգացող ուղղության՝ գենետիկական ուսումնասիրությունների արդյունքում։

Բայց հնդեվրոպական հայրենիքը հեռավոր անցյալ է։ «Մեր խնդիրն է հասկանալ, թե երբվանից և հատկապես որտեղ են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե ապրել հայերենով խոսող մարդիկ։ Մեր լեռնաշխարհը հսկայական տարածք ունի, այստեղ հնում բազում ցեղեր են ապրել, բազում լեզուներով են խոսել, և միայն հետո են բոլորը անցել հայերենի», - ասում է գիտնականը։ 

Այն երկրամասը, որտեղ ըստ ավանդության հիմնավորվել են Հայկի ժառանգները՝ հետագա Այրարատ նահանգը, իր կենտրոնական Արարատյան կամ Արայի դաշտավայրով, ուրարտական արձանագրություններում կոչվել է Էթիունի կամ Էթիուխի: Սա հենց պիտի հայերի հնագույն ցեղանվան՝ հաթիո ձևի սեպագիր հաղորդումը լիներ (սեպագրում չկա հ, որը բաց է թողնվել, ա-ն կարող էր հաղորդվել է-ով, իսկ օ-ն հաղորդվում է որպես ու): Եվ Էթիունին էլ պիտի լիներ  հայերեն խոսող մարդկանց կենտրոնը սկսած հնագույն ժամանակներից։

1

Հնդեվրոպացիների՝ Հայկական լեռնաշխարհում հայտնվելու դարաշրջանի մասին կարող ենք կարծիք կազմել հնագիտական տվյալների հիման վրա։  Մ.թ.ա. չորրորդ հազարամյակի կեսից ﬕնչև երրորդ հազարամյակի կեսերը Հայկական լեռնաշխարհում ծաղկում է ապրում այսպես կոչված հին բրոնզեդարյան Կուր-արաքսյան մշակույթը: Նրա բնորոշ հատկանիշներն են նստակյաց կյանքը բնակավայրերում, սոցիալական շերտավորման բացակայությունը և խաղաղ, երկրագործական կացութաձևը, որոնք ուղղակի անհամատեղելի են գիտնականների պատկերացրած հնդեվրոպական քաղաքակրթության հետ: Մ.թ.ա. շուրջ 2500 թվականից պատկերը փոխվում է։ Հայտնվում են նոր մարդիկ․ ի հայտ են գալիս նշանակալի մարդկային և նյութական ռեսուրսների տիրապետող ռազմական առաջնորդներ, ճոխ թաղումներ, ռազմական տեսարաններով թանկարժեք սպասք։ Սկսվում է Միջին բրոնզի դարաշրջանը։ Այս մարդկանց հատուկ է վառ արտահայտված ռազմատենչ գաղափարախոսությունը, խիստ բնորոշ հնդեվրոպական ցեղերին, որոնք ի վերջո տիրեցին բնակելի աշխարհի նշանակալի մասին՝ Հնդկաստանից մինչև Արևմտյան Եվրոպա։ Հայկական լեռնաշխարհում հաստատված այդ մշակույթներից առավել նշանավորն է այսպես կոչված Թռեղք-վանաձորյան մշակույթը, որի կրողներն են թողել վիշապ քարակոթողները և հզոր առաջնորդների ճոխ ու թանկարժեք գույքով թաղումները։

Հետագա մեկուկես հազար տարվա ընթացքոում Հայկական լեռնաշխարհի մեծ մասում (բացի ծայր արևելյան և հարավային որոշ շրջաններից) ձևավորվում է մեկ միասնական մշակութային դաշտ։ Էթիունիի՝ որպես ցեղային միավորման մասին կարելի է խոսել թերևս արդեն մ․թ․ա․ երկրորդ հազարամյակից։

Հետաքրքիր են Ուրարտուի և Էթիունիի առնչությունները։ Ուրարտուի կենտրոնը Վանն էր, բայց ուրարտական մեծ աստվածների պաշտամունքի կենտրոնները գտնվել են Վանից շատ հեռու՝ հարավում, Ուրարտուի բուն տարածքներից դուրս, և այնտեղ, հեռավոր Մուծածիր քաղաքում էին թագադրվում նրանց արքաները։  Ըստ այդմ, պետք է կարծել, որ այս պետությունը ձևավորվել է մ․թ․ա․ երկրորդ-առաջին հազարամյակների սահմանին լեռնաշխարհի ծայր հարավից եկած մարդկանց կողմից, որոնց մոտ դեռ թարմ էր իրենց հին հայրենիքի և «աստվածների բնակավայրերի» հիշատակը։

1

«Մինչ ուրարտական մշակույթի կրողների ներթափանցումը լեռնաշխարհի մշակույթը հիմնականում նույնական էր էթիունյանին։ Ուրարտական ներխուժմամբ ամեն ինչ փոխվում է: Նրանց խեցեղենն ու զենքերն ուրիշ են, ամրոցների և տաճարների կառուցման ձևը լրիվ այլ է, անգամ աղյուսները ուրիշ են։ Այդ մշակույթը ծագումով լեռնաշխարհի ծայր հարավից է, ընդ որում նրանում էական է նաև ասորեստանյան կայսերական մշակույթի ազդեցությունը։ Այդ մշակույթը, այսպես ասած, ամրոցների կամ քաղաքների մշակույթ էր։ Իսկ երկրի՝ քաղաքներից դուրս ապրող բնակչությունը, շարունակում էր ապրել հին կենսակերպով», - պատմում է Արմեն Պետրոսյանը։ 

Հետաքրքիր է, որ ուրարտական արձանագրությունները հաղորդում են միայն իրենց արքաների՝ տեղական ցեղերի և հարևանների դեմ տարած հաղթանակների մասին, բայց ասորեստանյան աղբյուրները հայտնում են նաև Ուրարտուում էթիունցիների գործած ավերածությունների մասին։ Այսինքն, Ուրարտական պետությունը և Էթիունին, ինչպես նվաճված մյուս տարածքների ցեղերը մշտական դիմակայության մեջ են եղել, և ուրարտական թագավորները պարբերաբար արշավանքներ են կազմակերպել լեռնաշխարհի՝ նախկինում գրավված երկրները վերանվաճելու համար։

«Ինչու՞ է Արգիշտին կառուցել Արարատյան դաշտի հզոր ամրոցները՝ Էրեբունին, Արգիշտիխինիլին, Ռուսան՝ Թեյշեբայի քաղաքը։ Կառուցել են տեղացիների, այսինքն՝ էթիունցիների դեմ: Ինչպես որ Ռուսաստանը Չեչնիայում կառուցել է Գրոզնի քաղաքը հենց չեչենների դեմ», - ասում է գիտնականը։ Բայց ի վերջո, հավանաբար, հենց էթիունցիներն են, թերևս սկյութների օգնությամբ, կործանել Ուրարտուն։

1

Արմեն Պետրոսյանը նշում է, որ ուրարտական արքաները, ասորեստանյանների նման, տեղի ժողովուրդներին ճնշելու հատուկ քաղաքականություն ունեին՝ մի տարածքից դեպի այլ, անգամ շատ հեռու տարածքներ, գերիներ էին տանում ու վերաբնակեցնում: Այսպես, Էրեբունում Արգիշտի Առաջինը 6600 մարդ է բնակեցրել լեռնաշխարհի ծայր արևմուտքից՝ Ծոփքից և Եփրատի մյուս ափից: Բայց, դատելով արձանագրություններից, անհամեմատելիորեն շատ ավելի գերիներ են տարվել Էթիունիից և հարակից շրջաններից։ Արգիշտի Առաջինի հայրը՝ Մենուան, ըստ մի արձանագրության, կես միլիոն գերի է տարել Էթիունիից (սա, իհարկե, չափազանցություն է թվում): Բայց հսկայական քանակով էթիունյան գերիների վերաբնակեցումը պետք է նպաստեր լեռնաշխարհում էթիունյան լեզվի այսինքն՝ հնագույն հայերենի տարածմանը, որն ի վերջո պիտի դառնար լեռնաշխարհի տիրապետող լեզուն», - ասում է նա։ 

Անահիտ Սարգսյան

News.am