Ի՞նչ կհարցնենք Քրիստոսին

Մանրամասներ

ա

«Ռաբբի՛, որտե՞ղ է քո օթևանը»

Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք» (Հովհ. 1.38-39)

Առաջինն ի՞նչ կհարցնեինք մենք՝ Քրիստոսին տեսնելով։ Մտածե՞լ ենք երբևէ, թե ինչ պետք է հարցնենք կամ, առհասարակ, կա՞ն հարցեր։

Անշուշտ, ամենքիս դեպքում պատասխանը տարբեր է լինելու։ Ոմանք կգերադասեն պարզապես լռել ու երկրպագել Աստծուն, ոմանք կգերադասեն տալ իրենց հետաքրքրող, տանջղ հարցերը, որոնց պատասխանը միայն Քրիստոս գիտի։

Ավետարանական այս հատվածում, սակայն, մենք տեսնում ենք, թե ինչպես են Քրիստոսի առաջին երկու աշակերները հանդիպում Նրան։

Ի՞նչ են հարցնում։ Նրանք չեն տալիս բարդ, աստվածաբանական հարցեր, չեն հարցնում Քրիստոսի ծնունդի, առաքելության, հայտնության, ապագայի, մարդկության ճակատագրի մասին, այլ ընդամենը մեկ հարց են տալիս։

«Ռաբբի՛, որտե՞ղ է քո օթևանը» (Հովհ․ 1։38),- հարցնում են աշակերտերը։ Քրիստոս էլ, Իր հերթին տալիս է պատասխանը։ «Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»» (Հովհ. 1։39)։- գրված է Սուրբ Գրքում։

Այս հատվածը մեզ սովորեցնում է մի շատ կարևոր հատկանիշ, որ ամենաէականն է քրիստոնյայի կյանքում։ Պետք է ոչ թե հարցնել, այլ գնալ Տիրոջ հետևից, և այդ պարագայում մեր առաջ կբացվեն իմաստության դռները։ Տիրոջ հետևից գնալով՝ մենք կհասկանանք, կճանաչենք աշխարհը, կստանանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

«Եկեք և տեսեք»,- ասում է Քրիստոս։ Այս արտահայտությունը ևս հետաքրքիր է։ Մի կողմից՝ «եկեք», ինչը ցույց է տալիս մարդու քայլն առ Աստված, մարդու ցանկությունը ճանաչելու Աստծուն, և «տեսեք», ինչը ցույց է տալիս Աստծո ընձեռած հնարավորությունը մարդուն՝ տեսնելու, ճանաչելու։

Ուրեմն՝ խորհենք՝ ի՞նչ կհարցնենք, եթե հանդիպենք Քրիստոսին, և ինչո՞ւ չենք հարցնում, չէ՞ որ Նա մեր մեջ է, և հանդիպում ենք Նրան ամեն օր։

qahana.am