Որդեկորույս ծնողներն անվճար օգտվելու են տարբեր ծառայություններից. «Հերոսների վերականգնողական քաղաքը» նոր ծրագիր է սկսում

Մանրամասներ

1

Արդեն մեկ ամիս է, ինչ գործում է «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը: Այն նախատեսված է օգնելու և վերականգնելու 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորների և կամավորների, նրանց հարազատների, ինչպես նաև Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած անձանց հոգեբանական առողջությունը:

Կենտրոնում այժմ հոգեբանական աջակցություն է ստանում 50 անձ, մոտ 200-ն սպասում է իր հերթին:

Այս ամենին զուգահեռ՝ այն աջակցություն կտրամադրի նաև պատերազմին մասնակցած կամ զոհված զինծառայողների ծնողներին: Կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է: Շուրջ 30 որդեկորույս ծնողներ ընդգրկված են դրանում: Այն ընթանալու է երեք փուլով: Կենտրոնում ինչպես հոգեբանական աջակցությունը, այնպես էլ սոցիալական ծրագրերում ներառվելը լինելու են անվճար:

«Մենք փորձելու ենք նրանց մեջ նորից արթնացնել կյանքը: Առաջին փուլով ֆիզիկական կուլտուրա, յոգայի դասընթացներ են լինելու: Այսինքն՝ փորձելու ենք նրանց համար հետաքրքիր զբաղվածություն ապահովել: Հետո ծնողներին ծանոթացնելու ենք վիրտուալ տեխնոլոգիաներին, քանի որ այդ ծնողները պետք է անցնեն հոգեբանական դիագնոստիկան, որից հետո հոգեբանական աջակցություն կստանան: Հաջորդ փուլով նրանք հնարավորություն կունենան մեզ մոտ աշխատելու, կամ մենք կլինենք կամուրջ՝ նրանց այլ տեղ աշխատանքի տեղավորելու համար,- պարզաբանեց Արեենցը:

Ծնողներից ոմանք արդեն ցանկություն են հայտնել աշխատանքի անցնել կենտրոնում գործող հացատանը, նախատեսվում է բացել նաև կարի արտադրամաս, որտեղ նրանք նույնպես աշխատելու հնարավորություն կունենան: Այս ամենի նպատակը մեկն է, շեշտում է հիմնադիրը, վիշտ ու ցավ տեսած ծնողներին նորից ապրելու իմաստ հաղորդելը:

«Ծրագրի մեջ կան առանձին հանդիպումներ հոգևորականների հետ, այց եկեղեցիներ: Ծնողների մեծ մասը մեզ մոտ կանցնի աշխատանքի, նաև համագործակցում ենք պտղաբերության կենտրոնի հետ, փորձում հոգեբանական աջակցություն տրամադրել զավակ կորցրած և նորից մայրանալու ցանկություն ունեցող ծնողներին: Նաև օգնում ենք այն ծնողներին, որոնք կրկին ծնողներ դառնալու համար չունեն բավարար ֆինանսական միջոցներ կամ դոնոր են ցանկանում գտնել՝ արհեստական բեղմնավորման համար»,- ասաց Արեենցը:

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոն ծնողները կարող են իրենք դիմել, կամ կենտրոնն է գտնում նրանց: Այժմ համագործակցում են Նոր Նորք վարչական շրջանի որդեկորույս ծնողների հետ, հետո Արագածոտնի մարզպետարանի և Կոտայքի մարզպետարանի հետ կհամագործակցեն, որպեսզի համատեղ գտնեն հոգեբանական աջակցություն ունեցող զավակ կորցրած ծնողներին: Արեենցն ասում է՝ նաև սոցիալական աշխատողներ են ունենալու, որոնք ակտիվ կցուցակագրեն և մարդկանց կիրազեկեն կենտրոնի մասին:  

«Տարբեր ծրագրեր տարբեր ժամանակներ ունեն. կարող է տևել 3 ամսից մինչև 6 շաբաթ: Եթե բուժում չեն անցնում, ապա սոցիալական ծրագրերի մեջ մշտապես մասնակցություն են ունենալու: Հիմա 30 ծնող ունենք, բայց ցանկը դեռ ավելանալու է: Նախատեսում ենք ամռանն ավելի մեծ շենք կառուցել, որպեսզի ծնողները կարողանան մնալ նաև կենտրոնում: Ովքեր ուզում են դիմել մեր կենտրոն, կարող են զանգահարել 093 11 55 04 հեռախոսահամարով: Առաջին իսկ զանգից սկսած՝ աջակցությունը տրամադրվում է նրանց»,- հավելեց նա:

«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը համագործակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Հոգեբանական աջակցություն է տրամադրվում ծառայությունը վերջացրած զինծառայողներին: Բացի այս ծրագրերից, այն շուտով ծրագրեր է սկսելու պատերազմում զոհվածների երեխաների հետ՝ նրանց հոգեբանական աջակցություն տրամադրելու համար:

Մերի Խաչատրյան, armtimes.com