«Շատ անբարյացակամ մթնոլորտ է». Պեսկովը հերքել է Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հնարավոր դուրսբերումը

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հնարավոր դուրսբերումը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը ամերիկյան CNN հեռուստաալիքի «Fareed Zakaria GPS» հաղորդման շրջանակում դա բացատրել է «շատ անբարյացակամ մթնոլորտով», որն առաջացել է «ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները դեպի ռուսական սահմաններ քաշելու պատճառով»:

Միաժամանակ Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասին խոսք չկա։

Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ռուսական կողմը «հնարավոր է դիվերսիոն գործողություններ է նախապատրաստում սեփական (ռուսամետ.-Խմբ.) ուժերի դեմ» Դոնբասում , որպեսզի արդարացնի Ուկրաինա ներխուժումը՝ դիվանագիտության ձախողման դեպքում։

CNN-ին տված հարցազրույցում Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Մեկնաբանելով Ռուսաստանի բանակցությունները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ Պեսկովը CNN-ին ասել է. «Մեր միջև որոշակի փոխըմբռնում կա: Բայց ընդհանուր առմամբ, սկզբունքորեն, այժմ մենք կարող ենք ասել, որ տարբեր, բոլորովին այլ ճանապարհների վրա ենք: Սա լավ չէ, և դա անհանգստություն է առաջացնում»:

Ի թիվս այլ բաների, հարցազրույցի ժամանակ Պեսկովը կրկնել է Ռուսաստանի կոչը ՆԱՏՕ-ին՝ երաշխավորելու, որ Ուկրաինան չի ընդունվի դաշինք։

«Որովհետև հակառակ դեպքում դա (Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ.-Խմբ.) իրավաբանորեն հնարավոր կլինի»,- հավելել է Պեսկովը։