Բյուջետային թալան՝ փաշինյանական իշխանավորների կողմից

Մանրամասներ

1

Բյուջետային թալան՝ փաշինյանական իշխանավորների կողմից
Անցյալ տարի «168 ժամը» հոդված էր հրապարակել  «Ահա քեզ կոռուպցիա. ի՞նչ է իրականում տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ավտոբուսների մրցույթում» վերնագրով, որում անդրադարձել էինք Երևան համայքի համար ավտոբուսների ձեռքբերման ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի և կոռուպցիոն որոշ երևույթների մասին:

Հիշեցնենք, դեռևս նախկին իշխանությունների կառավաման ժամանակահատվածում՝ տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանին կից կառույցներից մեկը արտասահմանցի գործընկերների հետ ծրագիր ներկայացրեց. գործող 1300 տարբեր մակնիշների միկրոավտոբուսների փոխարեն շահագործել մի քանի հարյուր խոշոր (12 մ երկարության), գազով աշխատող, ցածր թափքով ժամանակակից ավտոբուս։ Ընդ որում, նաև նախատեսվում էր սահմանել տոմսերի միասնական և ավտոմատ գրանցման համակարգ, ստեղծել ավտոբուսների ժամանակակից տեխնիկական սպասարկման կենտրոն, կատարել դրանց ավտոմատ դիագնոստիկա, սպասարկում, վերանորոգում և այլն։ Ի սկզբանե ծրագիրը ֆինանսավորելու պատրաստակամություն էր հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ Նաև պայմանավորվածություն կար, որ կլինի միջազգային մրցույթ, և ՎԶԵԲ-ն իր վրա կվերցնի այդ մրցույթն անցկացնելու տեխնիկական խնդիրները։

Ընդ որում, ավտոբուսները պետք է աշխատեին գազով, ինչն արմատականորեն բարելավելու էր շրջակա միջավայրի որակը՝ շեշտակիորեն իջեցնելով աղտոտումը։

Երևանում այս ծրագրի իրականացումը անընդհատ հետաձգվում էր։ 2018-ին «հեղափոխություն» կոչված իշխանափոխությունը ծրագիրը հետաձգեց ևս 1.5 տարով։

2019թ. դեկտեմբերի 31-ին 51749 համարի տակ ՎԶԵԲ-ի ECEPP գործակալությունը հայտարարեց մրցույթ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 120 մլն եվրո արժեքով։

Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2 համաձայնագիր պետք է կնքվեր: Առաջինը 15 տարի ժամկետով 20 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիրն է, երկրորդը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 5 մլն եվրոյի դրամաշնորհինը։

Երևանի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել ու Երևանի քաղաքապետարանին էր տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ:

Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:
Առաջին փուլով պետք է ձեռք ձեռք բերվեին սեղմված բնական գազով շահագործվող 100 հատ 12 մետրանոց ցածրահատակ քաղաքային ավտոբուսներ։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ մրցույթի արդյունքներով չինական «Ժոնգ Տոնգ» (Zhong Tong) ընկերությունը ներկայացրել էր ամենաշահավետ առաջարկը՝ 150.000 եվրո յուրաքանչյուր ավտոբուսի համար, իսկ գերմանական «Ման» ընկերությունը 1 ավտոբուսի գին էր առաջարկել 250.000 եվրոն:

Այսինքն՝ «Ման» մակնիշի ավտոբուսների դեպքում անհրաժեշտ էր 25 մլն եվրո վարկային միջոց, իսկ «Ժոնգ Տոնգի» պարագայում՝ 15 մլն եվրո, արդյունքում՝ հասարակությունը տնտեսում էր 10 մլն եվրո։
Պետական մրցութային հանձնաժողովը գտավ ձևը՝ չեղարկելու հայտարարված մրցույթը և մերժեց չինական կողմի առաջարկը, որը 40%-ով ավելի էժան էր:

Ավելին, մասնագիտական շրջանակներից շատերի համար անհասկանալի էր «Եվրո-6» ստանդարտի շարժիչով ավտոբուսների պահանջ ներկայացնելը: «Նաև կլինի մրցույթ 100 ավտոբուսի, 12 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը, որոնք համապատասխանելու են «Եվրո 6» ստանդարտի։ Շատ հետաքրքիր մրցութային ձև ենք մտածել, եթե «Եվրո 6»-ը չկայանա, անցնում ենք «Եվրո 5» ստանդարտի, որը նույնպես շատ բարձր ստանդարտ է, բայց էդտեղ մասնակիցներն ավելի շատ կլինեն և ավելի ապահովագրված կլինենք մասնակցության առումով։ Եթե չեմ սխալվում, մինչև տարեվերջ էդ մրցույթը կհայտարարվի», -ժամանակին հայտարարել էր արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Իհարկե, Հայկ Մարությանից ազատվելու «օպերացիայի» օրերին Նիկոլ Փաշինյանի կուսակցության Երևանի ավագանին հայտարարեց, թե առանց «Իմ քայլի» քվեների ու այն ժամանակ փոխքաղաքապետ և այժմ արդեն քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ավտոբուսների ձեռքբերումը չէր կարող տեղի ունենալ․ հայտարարություն
«Չնայած այն բանի, որ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ (Ժոնգ-Տոնգ)՝ այնուամենայնիվ քաղաքական որոշում է կայացվել և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները:

Ավագանու այդ նիստին մասնակցել են խմբակցության ղեկավարը և քարտուղարը։ Ավելին՝ կառավարությունը քաղաքապետարանին է վերադարձել 2.2 մլրդ դրամ ԱԱՀ գումարը, իսկ սույն թվականի նոյեմբերին կառավարությունը հաստատել է միջազգային գործընկերների կողմից տրվող վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանի հանար ձեռք բերել նոր 100 հատ 12 մետրանոց բարձրակարգ ավտոբուսներ։ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված քաղաքապետի նոր թեկնածու՝ Հրաչյա Սարգսյանն էլ համակարգել է ձեռքբերման ողջ գործընթացը»,-ասված էր հայտարարության մեջ։

Եվրոպական մայրաքաղաքներից շատերում նույնիսկ «Եվրո-5» ստանդարի շարժիչով ավտոբուսներն են գերիշխում, հետևաբար անհասկանալի էր Երևանի համար այդ շքեղությունը՝ հաշվի առնելով ոչ միայն սոցիալ-տնտեսական ահռելի խնդիրները, այլև այն, որ վարկային միջոցների հաշվին են դրանք ձեռքբերվում (80 տոկոսը վարկային միջոցներ են՝ 15 տարի մարման ժամկետով, որոնք պետք է տոկոսներով վերադարձվեն, իսկ 20 տոկոսը դրամաշնորհային ծրագրով է):

Եվ ահա, 2021թ. փետրվարին հայտարարվեց նոր մրցույթ (որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է ecepp.ebrd.com կայքում): Այս անգամ մրցութային հանձնաժողովը փոխեց մարտավարությունը: Հայտարարեցին, որ ընդունվում են առաջարկներ՝ ինչպես «Եվրո-5», այնպես էլ «Եվրո-6» ստանդարտի շարժիչներով ավտոբուսների համար: Անմիջապես, սակայն, խորամանկ քայլ արվեց՝ մրցույթի մասնակիցներից գին չէին պահանջում: Ասում էին՝ հայտնեք թե ինչ տեսակի ավտոբուսներ կարող եք մատակարարել, իսկ մենք՝ մրցույթի կազմակերպիչներս, վերջում կորոշենք, թե որ ավտոբուսն է մեզ պետք (այսինք՝ կորոշենք՝ «Եվրո-5» ենք ուզում, թե՞ «Եվրո-6»): Արդեն իսկ կասկած կար, որ դրանով իսկ ցանկանում են առաջ տանել գերմանական «Ման» ընկերությանը, որն ի վիճակի չէր մրցունակ գին-առաջարկ ներկայացնել: Ավելին, իշխանական կուլիսներում, այսպես ասած՝ փսփսում էին․ «Եվրոպական փողեր են, ի՞նչ կարող ենք անել…»:

Ավտոբուսների ձռքբերման նոր մրցույթին գերմանական «Ման»-ից բացի հայտեր ներկայացրեցին նաև ռուսական և չինական ընկերություններ: Մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեին 2021թ. ապրիլին: Հետաձգեցին մինչև հուլիս, ապա՝ մինչև սեպտեմբեր, հետո՝ նոյեմբեր, և ապա՝ մինչև 2022թ. հունվար:

Ի վերջո, 2022թ. հունվարի 10-ին չինական և ռուսական ընկերություններին հայտնեցին, որ ընտրել են «Եվրո-6» ստանդարտի շարժիչով ավտոբուսները և նրանց առաջարկները մրցունակ չեն, քանի որ «Եվրո-6» շարժիչով ԵՄ-ում 150 ավտոբուս չեն վաճառել: Այդպիսի առաջարկ արվել է վրացական «Տեգետա Մոթորս» ընկերության կողմից (անհասկանալի պատճառներով՝ գերմանական հանրաճանաչ «Ման» ընկերությունը Հայաստանում հանդես է գալիս վրացական «Տեգետա Մոթորսի» դեմքով):

Նշենք, որ գերմանական «MAN Truck and Bus AG» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը  Վրաստանում Tegeta Motors Affiliate Company – Tegeta Truck and Bus LLC-ն է:
Արդյունքում՝ կրկին հայտարարվեց միջազգային ձևական մրցույթ, քանի որ վաղօրոք որոշված էր հաղթողը:

Եվ այսպես, հայ ժողովրդի վրա 100 ավտոբուսները կնստեն շուրջ 25 մլն եվրո, այն դեպքում, երբ դրանց իրական արժեքը 10 մլն եվրո է: Մնացած 15 միլիոն եվրո գումարով հնարավոր կլիներ առնվազն 50 կմ սահման սարգավորել, կամ էլ առնվազն 10 բազմահարկ շենք կառուցել Արցախում:

Նմանօրինակ աղաղակող խայտառակ փաստերը պետք է դառնան խորհրդարանական հատուկ հանձնաժողովի քննարկման առարկա, որը կարող է ձևավորվել խորհրդարանական ընդդիմության պահանջով:

Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պետական պարտքի հաշվին կատարված գործարքները ծայրահեղ անարդյունավետ են: Այսպես. 2018-2021թթ. ՀՆԱ դոլարային արտահայտությամբ 11527 մլն-ից դարձել է 13500 մլն (դոլարային գնաճը բացառելով ՀՆԱ իրական աճը 4 տարում եղել է 9.5%): Այսինքն՝ այն աճել է մոտ 2 մլրդ դոլարով: Այդ ընթացքում պետական պարտքը 3 տրիլիոն 279 մլրդ դրամից դարձել է 4 տրիլիոն 450 մլրդ դրամ. ավելացել է 2.5 մլրդ դոլարով: Այսինքն՝ 2 մլրդ դոլարով ՀՆԱ աճի համար 2.5 մլրդ դոլար պարտք ենք վերցրել: Յուրաքանչյուր պարտք վերցրած 1դոլարը տվել է ՀՆԱ 0.8 դոլար աճ: Նման խայտառակ, մեղմ ասած՝անարդյունավետ քաղաքականություն երբեք չի եղել:

Այս իշխանությունը դեռ քննում է նախկիններին և մեղադրում թալանի մեջ, երբ 1994-2017թթ. յուրաքանչյուր պարտք վերցրած դոլարը տվել է ՀՆԱ 2.1 դոլար աճ: Ահա, թե ում գործունեությամբ իրականում պետք է զբացվի կոռուպցիայի հանձնաժողովը։

Ակզբնաղբյուր