Ալիեւը լուրջ վախեր ունի․ Նա «հոգնեցրել» է թե՛ Ռուսաստանին եւ թե՛ Արեւմուտքին

Մանրամասներ

1

Նախորդ հոդվածում նշել էի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ագրեսիվ ուղերձներն ուղղված են ոչ այնքան ներքին՝ ադրբեջանական լսարանին կամ Հայաստանին, որի այսօրվա ղեկավարությունն, ըստ էության, ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է եւ, այսպիսով, առանձնապես իմաստ չկա, ինչպես ասում են, «կոտրել բաց դուռը»: Ագրեսիվ հռետորաբանության հիմնական հասցեատերը, կարծում եմ, Ռուսաստանն է, մասամբ նաեւ՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:

Ձեւով Ալիեւի ելույթները հոխորտալից են, բայց բովանդակության մեջ, եթե ուշադիր կարդանք, լուրջ մտավախությունների տարրեր կան, եւ այդ տագնապներն, անշուշտ, ավելացել են Ղազախստանում վերջին իրադարձություններից հետո: Ի հեճուկս Հայաստանում տարածված կարծրատիպերի՝ Պուտին-Նազարբաեւ եւ Պուտին-Տոկաեւ հարաբերություններն այնքան էլ հովվերգական չեն, եւ, ի դեպ, անկախ նրանից՝ կմնա՞ն Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը, թե՞ չեն մնա, խնդիրներն ամենեւին էլ լուծված չեն:

Այդ իրադարձություններն, անշուշտ, ազդանշան են նաեւ Ալիեւի համար: Փորձառու քաղաքական գործիչ լինելով՝ նա հասկանում է, որ իր, ինչպես նաեւ Էրդողանի «թագավորությունը» կարող է եւ հավերժ չլինել: Այդ երկու լիդերները կարող են այնպես, մեղմ ասած, «վերջնականապես հոգնեցնել» թե՛ Ռուսաստանին եւ թե՛ Արեւմուտքին, որ նրանց հանդեպ վերաբերմունքը կդառնա ավելի քան սառը, իսկ աշխարհի առջեւ միայնակ լինելը (կամ միայն Պակիստանի աջակցությունն ունենալը) դժվար կլինի:

Միայնակ նույնիսկ Հիտլերը չի դիմացել: Ալիեւին շտապ պետք են նոր «հաջողություններ»՝ «խաղաղության պայմանագրի», իրեն հարմար սահմանազատման-սահմանագծման եւ «միջանցքի» տեսքով: Ո՞վ է հարցը հետաձգում: Հայաստա՞նը, որի վարչապետը կանի այն, ինչ իրեն Պուտինը կհրահանգի: Ոչ, գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն է, եւ որոշ չափով նաեւ՝ Արեւմուտքը:

Ինչպես հայտնի է, ավտորիտար երկրներում իշխանությունն ընտրությունների միջոցով չի փոխվում: Եթե մոտակա 30 տարվա ընթացքում Փաշինյանին հաջողվի ընտրություններ անցկացնել, ապա նա ամեն անգամ կվերարտադրվի, եւ քաղաքացիների վերաբերմունքն այստեղ վճռորոշ գործոն չի լինի: Նույնը՝ Ադրբեջանում, Թուրքիայում եւ այլուր: Իշխանությունը սկզբից պետք է փաստացի փոխվի փողոցում ու հետո միայն իրավիճակն ամրագրվի քվեարկությունների եւ ընտրությունների միջոցով: Դրա համար պետք է ա/ քաղաքացիների խիստ դժգոհությունը, բ/ վերնախավի լուրջ պառակտումը, գ/ «հովանավոր» երկրի (երկրների) աջակցության բացակայությունը:

Հիշյալ երեք երկրների պարագայում դա այս պահին ֆանտաստիկ է թվում: Բայց նույնքան անիրական էր դա թվում Ղազախստանում՝ ահա թե ինչու է Ալիեւը մտահոգված: Եթե նման սցենարի դեպքում Փաշինյանը հեռանալու է ոչ կոմպետենտության, պաշտոնին չհամապատասխանելու պատճառով, ապա Ալիեւին եւ մանավանդ Էրդողանին շատ ավելի լուրջ մեղադրանքներ են սպասվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Aravot.am