Վանեցյանը փրկում է խորհրդարանական մեծամասնությանը

Մանրամասներ

1

Վաղը կմեկնարկի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում պատգամավորներից ընդգրկված են ինքը՝ Սիմոնյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ 

Այսինքն, Արթուր Վանեցյանը միակ ընդդիմադիր պատգամավորն է, որն ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մեկնում է ԱՄՆ։ Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր պատգամավորին, որը պետք է լիներ ցանկում, ապա նրա անունը բացակայում է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, կամ՝ մեկ ուրիշին։ 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առհասարակ որոշել է չմասնակցել միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին։ Իր վերջին ասուլիսում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով իրենց այս որոշման մասին, հայտարարեց, որ խմբակցության պատգամավորներից 12-ին առհասարակ արգելված է դուրս գալ Հայաստանի սահմաններից, նրանց մասով քրեական գործեր կան։ Իսկ իրենք այդպես որոշել են, որպեսզի ստիպեն իշխանությանը՝ գնալ մի պարզ, տրամաբանական քայլի՝ հանել այդ բոլոր արգելքները «Հայաստան» դաշինքի պատգամավորների համար։ 

Հենց նույն պատճառով էլ «Հայաստան» խմբակցությունից ԱՄՆ մեկնող ներկայացուցիչ չկա։ Ընդդիմադիրներն այսկերպ ճնշում են գործադրում, որպեսզի իրենց պատգամավորներին «հանգիստ թողնեն»։ Իսկ ահա Վանեցյան Արթուրն այդ խնդիրը չունի։ Նա, ինչպես երևում է, նաև իրենց գործընկերներ ընդդիմադիրներին աջակցելու խնդիր չունի, մտածում է միայն իր մասին ու այն մասին, որ որպես խմբակցության ղեկավար լրացուցիչ անգամ տեսնի ԱՄՆ-ն ու ամերիկացիներին։ 

Թե ինչ կտա մասնավորապես Վանեցյանի այցը Հայաստանին, դժվար է ասել, սակայն նրա չգնալը միանշանակ կվնասեր ԱԺ պատվիրակության հեղինակությանը և լրացուցիչ ճնշում կլիներ, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներին հանգիստ թողնեն։ ԱՄՆ-ում հաստատ հարցեր կառաջանային այն մասով, թե ինչու են պատվիրակության կազմում միայն իշխանական պատգամավորներ, իսկ այսպես նման հարցեր չեն առաջանա։ 

Ստացվում է, որ Վանեցյանը փրկում է խորհրդարանական մեծամասնությանը, այնինչ ուներ հիանալի հնարավորություն օգնելու ընդդիմադիր գործընկերներին։