Ոչնչացվել է իրանական լրտեսական ցանց, որը հավաքագրել է իսրայելցի կանանց. Իսրայել

Մանրամասներ

ա

Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է իրանական լրտեսական ցանցը, որը սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրել է իսրայելցի կանանց: Կանայք համաձայնել են գաղտնի օբյեկտներ լուսանկարել, հետախուզական տվյալներ հավաքել եւ առնվազն երկու անգամ խրախուսել են իրենց որդիներին աշխատել Իսրայելի ռազմական հետախուզությունում, հայտնում է AP-ն։

Իսրայելի ներքին անվտանգության «Շաբակ» ծառայությունը հայտնել է, որ Իրանի հետախուզության կասկածվող աշխատակիցը Facebook-ում ներկայացել է որպես Ռամբոդ Նամդար եւ հայտարարել, որ ինքը Իսրայելում բնակվող հրեա է։ Հավանաբար, նա թիրախավորել է իրանական ծագում ունեցող իսրայելցիներին:

Հաղորդվում է, որ իսրայելցի 40-ամյա կինը մի քանի տարի կապ է պահպանել նրա հետ եւ համաձայնել է լուսանկարել ԱՄՆ դեսպանատունը, երբ այն Թել Ավիվում էր գտնվում, ինչպես նաեւ Իսրայելի կառավարության գրասենյակը եւ առեւտրի կենտրոնը: Հավաքագրողը նրան խնդրել է խրախուսել իր որդուն միանալ զինվորական հետախուզությանը՝ պարտադիր ծառայություն անցնելու համար, եւ նույնիսկ հեռախոսով խոսել է նրա հետ, որպեսզի գնահատի պարսկերենի իմացությունը:

Մեկ այլ 57-ամյա կին չորս տարի շփվել է կասկածյալ հավաքագրողի հետ եւ մի շարք հանձնարարությունների համար ընդհանուր 5000 դոլար է ստացել: Նա նույնպես ճնշում է գործադրել իր որդու վրա, որպեսզի նա միանա ռազմական հետախուզությանը եւ հավաքագրողին է ուղարկել նրա զինվորական փաստաթղթերը:

Կինը իրանական ծագումով իսրայելցիների համար ակումբ է ստեղծել՝ նրանց մասին տեղեկություններ հավաքելու համար, եւ փորձել է կապ հաստատել Իսրայելի խորհրդարանի անդամի հետ, հաղորդել է «Շաբակը»՝ չնշելով պատգամավորի անունը: Նրան նաեւ հրամայվել է թաքնված տեսախցիկ տեղադրել իր տան «մերսման սենյակում»։

«Շաբակը» հայտնել է, որ ենթադրյալ լրտեսական ցանցի թիրախները ձերբակալվել են եւ նրանց դեմ «լուրջ մեղադրանքներ» են առաջադրվել։