Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում. Պուտին

Մանրամասներ

Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում, իր գործառույթները կատարելուց հետո դուրս կբերվի հանրապետությունից։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորախումբ է ուղարկվել Ղազախստան, եւ ես ուզում եմ դա ընդգծել՝ սահմանափակ ժամկետով՝ այնքան ժամանակ, որքան Ղազախստանի նախագահը, պետության ղեկավարը, Ղազախստանի ղեկավարը հնարավոր կհամարի դրա կիրառման համար»,- ասել է Պուտինը։ «Իր գործառույթները կատարելուց հետո, իհարկե, ամբողջ զորախումբը դուրս կբերվի Ղազախստանի տարածքից»,- հավելել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիան չափազանց ժամանակին եւ օրինական է անվանել։ Ղազախստանի դեպքում ՀԱՊԿ-ը գործնականում ցույց է տվել իր ներուժը, արագ, վճռական եւ արդյունավետ գործելու կարողությունը, ասել է ՌԴ ղեկավարը։

Ինչպես նշել է նախագահը, Ռուսաստանը հասկանում է, որ Ղազախստանին սպառնացող վտանգն առաջացել է ոչ թե ինքնաբուխ բողոքի գործողությունների, այլ արտաքին եւ ներքին ապակառուցողական ուժերի պատճառով։ «Մենք հասկանում ենք, որ Ղազախստանի պետականությանը սպառնացող վտանգը ծագել է ոչ թե վառելիքի գների դեմ ինքնաբուխ բողոքի ցույցերի պատճառով, այլ՝ իրավիճակից ներքին եւ արտաքին ապակառուցողական ուժերի օգտվելու»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինն առաջարկել է հանձնարարել ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներին առաջարկներ ներկայացնել արտաքին միջամտության փորձերին համատեղ հակազդելու համար։ ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն հակահարված տալ ցանկացած սադրանքների, որպեսզի ողբերգությունները, ինչպես Ղազախստանում, այսուհետ ոչ մեկին հանկարծակիի չբերեն, ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել առաջնահերթ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ բոլոր երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանը։