Այսօր ուղղափառ քրիստոնյաները տոնում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը

Մանրամասներ

ա

Ուղղափառ քրիստոնյաները հունվարի 7-ին տոնում են Քրիստոսի ծնունդը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք տոնում են Հիսուսի ծնունդը, ասվում է Կրեմլի կայքում։

«Քրիստոնեական գլխավոր եւ ամենասիրելի տոներից մեկը՝ Սուրբ ծնունդը, հատուկ բարոյական իմաստ ունի։ Միավորելով մարդկանց բարձր հոգեւոր իդեալների եւ արժեքների շուրջ՝ այն մարդկանց սրտերը լցնում է ուրախությամբ եւ լուսավոր հույսերով, ոգեշնչում նոր արարումների։ Եվ իհարկե, այս տոնի հետ ենք մենք կապում ընտանեկան բարի ավանդույթները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ»,- ասվում է, մասնավորապես, ՌԴ նախագահի ուղերձում։

Նշվում է, որ Սուրբծննդյան գիշերը Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել Նովո-Օգարյովոյի Անձեռակերտ կերպարի Փրկության տաճարում։

Սուրբծննդյան տոնի առիթով Վրաստանի ուղղափառ բնակչությանը շնորհավորել է նաեւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ բոլորին առողջություն, հոգեւոր հանգստություն եւ բարեկեցություն մաղթելով, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։

Վրաստանի ուղղափառները հունվարի 7-ին տոնում են Հիսուսի ծննդյան տոնը՝ քրիստոնեական ամենամեծ տոներից մեկը։

«Քրիստոսի ծնունդը մարդկության միանգամայն նոր պատմության սկիզբն է, որն առաջնորդվում է սիրով, մարդկային ազատությամբ, ավելի լավ ապագայի հույսով։ Այս արժեքների վրա է հենվում մեր հնագույն մշակույթը, դրանք նաեւ որոշում են մեր արդի կյանքը։ Հենց այդ պատճառով Սուրբ ծնունդը մենք դիմավորում ենք նորացման, երջանկության եւ բարեկեցության հույսով»,- գրել է վարչապետը սոցցանցի իր էջում։

Նախօրեին Վրաստանի կառավարության ղեկավարը երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ներկա է գտնվել Սուրբ Երրորդություն Մայր տաճարում կատարվող տոնական ժամերգությանը։

Ամենայն Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլյա Երկրորդը դիմել է Սուրբծննդյան տոնի ուղերձով, որով հորդորել է երկրի բնակչությանը հանգիստ դիմակայել ամբողջ աշխարհի համար ընդհանուր փորձությանը՝ կորոնավիրուսի համավարակին։

Ուղղափառ եկեղեցին Սուրբ ծնունդը սկսում է տոնել հունվարի 6-ին՝ առաջին աստղի ծագմամբ։ Տոնը սովորաբար անցկացնում են ընտանիքի, հարազատների ու մերձավորների հետ։