Լոռեցին մի տարի առաջ կորած դրամապանակը գտնելու համար Վանաձորից Նոյեմբերյան էր գնացել, սակայն գողացել է «Փուչիկներ»-ի զորամասի կապի մալուխն ու բռնվել

Մանրամասներ

1

«Միամիտ լոռեցին» գնացել էր մի տարի առաջ կորած դրամապանակը գտնելու, սակայն զորամասի մալուխները գողացավ

Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի ընթացքում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի տարածքում գտնվող Փուչիկներ կոչվող տեղանքի հենակետում անցկացված զորավարժությունների ընթացքում կորցրած դրամապանակը փնտրելու նպատակով 2021 թվականի մայիսի 13-ին ժամը 16:00-ի սահմաններում իրեն պատկանող ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքից ուղևորվել է դեպի Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի հիշյալ տարածք, որտեղ փնտրել է դրամապանակը։

Այն չգտնելով՝ տունդարձի ճանապարհին, Փուչիկներ տեղանքի հենակետի շենքից դեպի դաշտամիջյան տարածք գնալով՝ ծառի վրա նկատել է փաթաթված մալուխ, մեքենայից վերցրած հարթաշուրթով կտրել է մալուխի ծայրերը, որից հետո քաշել և իջեցրել է Նոյեմբերյան զորամասի Փուչիկներ տեղանքի հենակետի կապն ապահովող շուրջ 100 մետր Պ-270 տեսակի և էլեկտրաէներգիա ապահովող շուրջ 70 մետր մալուխները, տեղափոխել Վանաձոր քաղաք եւ հանձնել գունավոր մետաղների ընդունման կետում։ 

Զորամասին պատճառվել է 190000 դրամի վնաս։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով։

Այս գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում, դատական նիստերին մասնակցելու, Վանաձորից Բերդ հասնելու համար վանաձորցին ծախսեր է անելու։

Ոսկան Սարգսյան