Վերածնունդը պետական քաղաքականություն է, 2022 թվականը պետք է դարձնենք Հայաստանի իրական և ռազմավարական վերելքի տարի․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասվում է․ 

«Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ.

Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները:

Բառիս բուն իմաստով վերածնվում են, որովհետեւ 2021 թվականի շատ նորածիններ կրում են նահատակ եղբոր անունը, ազգանունը եւ հայրանունը: Միեւնույն անունը, ազգանունը, հայրանունը:

Խորախորհուրդ մի հայտնություն է սա, կյանքի հաղթանակ, առասպելաբանության մարմնավորում. ծնվել է 2001 թվականին, զոհվել է 2020 թվականին, վերածնվել է 2021 թվականին:

Ես ուզում եմ նախ գլուխ խոնարհել այն հայրերի ու մայրերի առաջ, ովքեր կայացրել են այսպիսի որոշում, որովհետեւ նրանք ոչ միայն իրենց ընտանիքին, այլեւ մեր հայրենիքին ապրելու, հուսահատությունը հաղթահարելու, ապագային հավատալու եւ հանուն ապագայի ապրելու նոր լիցք են տալիս:

Հենց այս ընթացքով քաջալերված եւ բազմաթիվ ընտանիքների ցանկությունը հաշվի առնելով կառավարությունը 2022 թվականի հունվարից զոհվածների ընտանիքներում վերարտադրողական առողջության վերականգնման պետական ծրագիր է սկսում: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ վերարտադրողական առողջությունը հնարավոր չի լինի լիարժեք վերականգնել, մեր նահատակ զավակների ընտանիքները պետական ֆինանսավորմամբ փոխնակ մայրերի դիմելու հնարավորություն կունենան: