«Դասալիք» որակումը կարող է տալ քննությունը․ Արսենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Մանրամասներ

ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա ոչ մի պարագայում և ոչ մի իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, գերիների վերադարձի պարտավորություններից: Այս մասին գերիների, անհետ կորածների հարազատների և լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի զրույցից տարածված հատվածին, որում վերջինս, խոսելով գերիների մասին, ասում է, թե նրանք իր համար գոյություն չունեն։

«Իմ տեսակետն է, որ մեր քաղաքացիները, որոնք հիմա գտնվում են գերության մեջ, այն մարդիկ են, որոնք երբևիցե, ոչ մի պարագայում չեն լինելու ՀՀ իշխանության ուշադրության կիզակետից դուրս: Քանի դեռ իրենք գտնվում են գերության մեջ, պետք է զբաղվենք իրենց խնդրով: Մեր բոլոր գործողությունները պետք է իրականացնենք՝ ելնելով մի նպատակից՝ գերիների վերադարձ հայրենիք»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ գերիների հարցով երեկ կայացած փակ քննարկմանը հարցրել է պատկան մարմնի ներկայացուցչին, թե մեր այն քաղաքացիներին, որոնց մենք համարում ենք ռազմագերի, արդյո՞ք Ադրբեջանի իշխանություններն էլ են իրենց ճանաչում որպես ռազմագերի:

«Սա կարևոր հարց է, որովհետև ռազմագերիների իրավունքները արձանագրված ու պաշտպանված են մի քանի միջազգային կոնվենցիաներով: Եթե նրանց Ադրբեջանում չեն ճանաչում որպես ռազմագերի, մեր գործիքակազմն էլ է փոխվում, սկսում ենք միայն հումանիտար թեզերի վրա հղում անելով պայքարել նրանց վերադարձի համար: Այդ հարցի պատասխանն ինձ համար 100-տոկոսանոց չէր»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ այդ դեպքում Սիմոնյանն ո՞ւմ է ասել դասալիք, Արսենյանն արձագանքեց.

«Ռազմական կանոնակարգերի համապատասխան դրույթները բացատրում են՝ ինչ է դասալիքը: Դրա վերաբերյալ գնահատականը, որակումը կարող է տալ միայն համապատասխան քննությունը: Դա ասելը հռետորաբանության ոլորտից է, հրապարակային քաղաքականության մեջ երբեմն քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել, որոնք կարող են մարդկանց համար դիտարկվել որպես կանոն: Հռետորական արվեստի, հրապարակային գործունեության պարագայում կարող են ասել, մարդ են, համեմատություններ անելը հատուկ է մարդկանց»,-ասաց նա:

Գերիների հարազատները բացասական արձագանքեցին՝ իրավունք չունի նման հայտարարություն անել, քանի որ դա կարող է մարդու կյանքի գինն արժենալ: