Սամվել Բաբայանի «ստուգողական կրակոցը» հանուն Նիկոլ Փաշինյանի՞, թե՞

Մանրամասներ

1

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կրկին ակտիվացել է. տաղավարից տաղավար է գնում՝ հարցազրույցների:

Դեկտեմբերի 1-ին Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ չեն կարողացել հասկանալ՝ որտեղ է մեր առաջին գիծը, օրական մի տեղի մասով խաբել են:

«Գլխավոր շտաբը, որը պետք է իմանար գիծը, հրաման տար, ոչ մի բան չկա՝ ոչ հրաման, ոչ գիծ: Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով.- խմբ.) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել»,- ասել է Բաբայանը։

«Հրապարակ» թերթի հետ զրույցում Բաբայանը նույնն է պնդել.

«Ես շատ բան գիտեմ, որ Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել: Չե՞ն հասկանում, որ զռռում է, որ սարքած է։ Այստեղ՝ Հայաստանում էլ են զբաղվում, որովհետև որևիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու, հիմա պետք է ստուգել, դրանց բոլորին պատասխանատվության կանչել։ Փորձում են վերացնել հետքերը»:

Հարցին՝ ռազմական ղեկավարությո՞ւնն է փորձում ինքն իրեն «մաքրել», Բաբայանը պատասխանել է. «Նորից եմ ասում՝ ես գիտեմ, որ զինվորականներն են անում, բայց թե ում կարգադրությամբ, ով է դրանց հուշում կամ ուղղորդում, ես առայժմ չգիտեմ»,- այնուհետ հավելել. «Ես գիտեմ, որ ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում: Թե ում կարգադրություններով են անում, երբ ստուգեն, կասեն, էլի։ Հիմա կանգնեմ ասեմ` Նիկոլն ա հրաման տվել, բայց եթե չգիտեմ, ինչի՞ ասեմ: Ես ֆակտը գիտեմ, որ անում են»:

Հակադարձմանը՝ նոր ասում էիք՝ չգիտեք՝ ո՞վ է կարգադրել, հիմա վստահեցնում եք, որ Փաշինյանը չէ, Բաբայանը արձագանքել է. «Բայց ինչի՞ Նիկոլը պիտի ուզի»:

Ինչ խոսք, Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին է «մաքրում» և սլաքը ուղղում ԳՇ նախկին ղեկավարությանը: Բայց եթե հաշվի առնենք «Հրապարակին» տված հարցազրույցում արտահայտած այլ մտքեր ևս, կամա թե ակամա նաև Նիկոլ Փաշինյանի դեմ բան կա՝ խճճվում է իր ասածների մեջ:

«…Նախ, առաջին՝ Օնիկը չկա, բայց Արտակը կա (ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան.- Մ.Պ.)։ Տես` դու ռեֆորմ ես անում, հետո քեզ հանում են, 3 ամիս հետո կռիվ է սկսվում, նորից ինձ հանում են, քեզ են բերում, հիմա իրար հետ կապ կարող ենք, չէ՞, պահել, որովհետև եթե այս մեկը բացվի, մյուսն էլ կբացվի․․․»,- ասել է ՊԲ նախկին հրամանատարը:

Այս փաստի վրա 168.am-ը մեկ անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրել:

2020թ. հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ Օնիկ Գասպարյանին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Ընդ որում, այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանը փոխարինում է Արտակ Դավթյանին, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին: Ավելին, Արտակ Դավթյանին ազատում են համաճարակային իրավիճակում որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, հերքում է ավելի ուշ՝ չմանրամասնելով պատճառը: Իսկ պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտի 22-ին, իրավունքի ուժով Արտակ Դավթյանը վերադառնում է ԳՇ պետի պաշտոնին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին: Ստացվում է, որ Արտակ Դավթյանը պատերազմից առաջ հեռանում է և վերադառնում է պատերազմից հետո:

Ի դեպ, «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ նախքան պատերազմն ավելի լայնածավալ պատերազմի հնարավոր սցենարներ են ներկայացվել ԱԽ-ին և վարչապետին:

Սամվել Բաբայանի վրիպումների մասին

«Հրապարակի» հետ հարցազրույցում Սամվել Բաբայանը մեղադրանք է հնչեցնում, թե ԳՇ նախկին և ներկա պետերը պետք է պայմանական 100-քանի հազարանոց մոբ հավաքեին, մինչդեռ հարց է՝ զենք ունեի՞նք այդ մարդկանց զինելու:

«Իհարկե՝ ոչ, մի հատ զեկուցագիր էս հինգից մեկն ունի՞ իր վերադասին գրած․․․ Ասում եք՝ Օնիկը․․․ Օնիկը, Արտակը, Մոսիկը, փոսիկը, էդ բոլորը մի հատ վերլուծություն ունե՞ն իրենց վերադասին, որ այսինչ զենքը չկա, որ հակառակորդը սա է արել, նա է արել, մենք թույլ ենք, եթե սա չանենք, պարտվելու ենք։ Չունենք նման զեկուցագրեր։ Ես 4 զեկուցագիր եմ գրել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Քոչարյանին։

Հիմա գերագույն հրամանատարն էլ կասի՝ ինձ ինչ ասել են, ես արել եմ, մի քանի անգամ էլ կրկնեց։ Գերագույն հրամանատարը, որը բանակում չի ծառայել, չգիտի, ինչ ասել են, այն էլ առել է»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է Բաբայանը:

Հետաքրքիր է՝ Սամվել Բաբայանը որտեղի՞ց գիտի, թե ԳՇ ներկա և նախկին պետերը ինչ զեկուցագրեր են ներկայացրել կամ չեն ներկայացրել, երբ դա, ըստ էության, ռազմական գաղտնիք է: Մյուս կողմից՝ Բաբայանը կրկնում է Փաշինյանին, որն ասում էր, թե պատերազմը սկսվելուց հետո է իմացել, որ զրահաբաճկոնի ու սաղավարտի խնդիր կա, ինչը, բնավ, իր օգտին չի խոսում, երբ որոշել էր աշխարհազոր ստեղծել, փոխմարզպետներ էր այս համատեքստում նշանակել: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել: Ավելին, դեռ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության արդյունքներն էին ցույց տվել, որ սպառազինության խնդիր չի եղել: Եթե իրենք ավելին են գնել, պետք է, որ առավել ևս խնդիր չլիներ:

Երկրորդ՝ ՀՀ «Պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ Զինված ուժերի համալրումը մարդկային ռեսուրսներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության, զորահավաքային զորակոչի միջոցով, իսկ ԳՇ-ն պատասխանատու է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական ծավալման կազմակերպման համար:

Զորքերի ծավալման խնդրին ավելի ուշ կանդրադառնանք, իսկ մինչ այդ մի քանի հիշեցում անենք:

Անվտանգության խորհրդի գործառույթները

Առաջին, պատերազմից մոտ 20 օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 9-ին, այդ ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սամվել Բաբայանը երկրի խորհրդարանում հայտարարել էր, որ աշխարհազորի ստեղծումը «պրինցիպիալ խնդիր է», և, որ առաջիկա նիստի ընթացքում քննարկելու են, թե ինչպես են Արցախում աշխարհազորի ստեղծումը պատկերացնում, ինչպես է իրենց մոտ մոբիլիզացիան կատարվելու:

«Հիմա կա 2 տեսակետ, կարող է նախարարությունը մեզ հետ համաձայն լինի կամ չլինի, մեր խնդիրն է՝ կարողանանք հիմնավորել, որ ճիշտն այս մեխանիզմն է՝ անունն ուզում ենք՝ աշխարհազորային դնենք, ինչ ուզում է՝ դնենք: Մեզ մոտ մոբիլիզացիան լինելու է այլ մոտեցմամբ. մենք ոչ թե մոբիլիզացիա ենք անելու և տղաներին ուղարկենք զորքերի մեջ, այլ դա առանձին զորամաս է լինելու: Սա՝ կարճ, եթե չբացենք փակագծերը»,- մանրամասնել էր Բաբայանը: Հիմա հարց՝ ինչո՞ւ այս մասին շուտ չէին մտածում, որքանով Արցախում հաջողվեց մոբիլիզացիայի խնդիրը լուծել, կամ սեփական աշխարհազորի ստեղծման:

Երկրորդ, չպետք է մոռանալ Անվտանգության խորհրդի գործառույթների մասին: Մասնավորապես, ՀՀ ԱԽ-ը հաստատում է`

ա. զինված ուժերի զարգացման պլանը,

բ. այլ զորքերի զարգացման պլանը,

գ. զինված ուժերի ծավալման պլանը,

դ. զինված ուժերի զորահավաքային պլանը,

ե. զինված ուժերի կիրառման պլանը,

զ. Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը,

է. քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը և այլն:

Պատերազմից առաջ Արցախի նախագահը ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին փոխանցել է իր լիազորությունների մի մասը

Ինչ վերաբերում է Արցախի անվտանգության խորհրդին, ապա 2020-ի հուլիսի 10-ին, 168.am-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Արցախի ԱԽ-ի գործառույթներն ավելացվելու են, և այն զբաղվելու է բոլոր ոլորտների ազգային անվտանգային հարցերով:

«Այլ հարց է, թե որ մասով: Այն, որ լիազորություններն ընդլայնվել են, չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ նույն լիազորությունը, ինչ ունեցել է խորհուրդը նախկինում, պահպանվել է, որևէ բան չի ավելացել կամ պակասել: Այլ բան է, որ նույն լիազորությամբ մի շարք այլ գործառույթներ են ավելացել: Մասնավորապես, եթե նախկինում Անվտանգության խորհուրդը զբաղվում էր բացառապես ուժայիններով, այսօր գործառույթներն ընդլայնվել են, և ԱԽ-ն զբաղվելու է բոլոր ոլորտների ազգային անվտանգային հարցերով՝ լինի դա կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, տեղեկատվություն, արտադրական ենթակառուցվածքներ, ֆինանսներ, պետաիրավական համակարգ և այլն: Այսինքն՝ բոլոր ոլորտները,- մանրամասնել էր նա՝ հավելելով,- Այսինքն՝ ԱԽ-ն, որպես խորհրդակցական մարմին, դադարելու է լինել սոսկ ֆորմալ մարմին և ծավալելու է լիարժեք գործունեություն: Այսպիսի գործելաոճը, կարծում եմ, լիովին արդարացված է՝ հատկապես Արցախի քաղաքական կարգավիճակ ունեցող պես երկրի պարագայում»:

Արդեն պատերազմից 20 օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր.

«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են՝ ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»:

Բայց պատերազմի ժամանակ՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, Սամվել Բաբայանը վստահեցրել էր, որ ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում ԱՀ Նախագահին: Թե ինչ փոխանցված լիազորությունների մասին էր ավելի վաղ խոսում, այդպես էլ գաղտնի մնացին:

Պատերազմից հետո Բաբայանի՝ տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներից իմացանք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատարը Սղնախ-Ավետարանոց օպերացիան է գծել,որի մասին և՛ ինքն է խոսել, և՛ տեսագրություն շրջանառվեց համացանցում, բայց վերջերս Բաբայանը լրատվամիջոցներից մեկին վստահեցրել է՝ «всего лишь քարտեզի վրա ցույց եմ տվել՝ ոնց կարելի է այդ տարածքն ազատագրել և փակել»:

Կարևոր հարցեր, որ անտեսում է Սամվել Բաբայանը

Վերադառնանք պատերազմի առաջին օրը զորքերի կամ ՊԲ-ի ամբողջովին ծավալված-չծավալված լինելուն:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում:

Նույն օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․

«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո՛, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»:

168.am-ը բաց աղբյուրներից փաստեր էր հավաքել, որտեղ զոհված զինծառայողների ծնողները վկայում են, որ պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել, սպաները՝ տանից կանչվել:

Ավելին, պատերազմում զոհված ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանը սեպտեմբերի 27-ի առավոտյան են շտապել աշխատանքի:

Գուցե ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը այդ օրը նո՞ւյնպես տանից է շտապել աշխատանքի, այս մասին դեռ բաց աղբյուրներից փաստեր չկան: Այս հարցի պատասխանը շատ հարցերի պատասխան կարող էր տալ, այս առումով կարևոր է իմանալ նաև՝ արդյո՞ք եղել է ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից զորքերը չծավալելու կամ պատճաշ կերպով չծավալելու հրաման ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Արդյո՞ք այս հարցերի պատասխանը գիտի Սամվել Բաբայանը, եթե այո՝ ինչո՞ւ չի բարձրաձայնում, ի վերջո, դրանք է, որ լույս են սփռելու պատերազմական մյուս հանգամանքների վրա:

Ինքը՝ Բաբայանն էր 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել, որ «սեպտեմբեր ամսի 19-ին, 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու»: Զարմանալի է, որ այս մասին ինքը հետո է իմացել՝ լինելով ԱԽ քարտուղար:

Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ընդունել էր՝ պատերազմից 2 օր առաջ «ռադիոպերեխվատի» միջոցով իմացել է պատերազմի սկսման մասին: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի:

«Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն»,- մի առիթով ասել էր Փաշինյանը խորհրդարանում:

Իսկ մեր առաջադրած պարզ հարցերին հստակ պատասխան կարող են տալ Ջալալ Հարությունյանը, Օնիկ Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանը և այլք:

Ի դեպ, ՊՆ-ում փաստաթղթերի կեղծումից տեղյակ Սամվել Բաբայանին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր տրամադրել ադրբեջանական բանակի զորամասերի և նրանց զինվածության մասին տվյալներ՝ ասելով, որ չի կարող տալ, պետք է լինի կառավարության որոշում։ Այսօր, ստացվում է՝ նման խնդիր չկա՞, ՊՆ-ում կատարվող զարգացումները ՊՆ-ից դո՞ւրս են գալիս:

Հիշեցնենք, որ Բաբայանին իշխանությունը նախատեսել է ընդգրկել ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում՝ որպես փորձագետ, ու փաստացի հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսված, պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատարական բունկերում գտնվող անձանցից մեկը, ըստ էության, սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին:

Միգուցե ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը դրա համա՞ր է ուշանում, որովհետև մինչև գործընթացի մեկնարկը իշխանությունը զբաղված է պատերազմի օրերին իր արածի ու չարածի հետքերի մաքրմամբ, որովհետև եթե ընդունենք, որ Բաբայանի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա դա չի կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի իմացության:

Չի կարող նաև լինել այնպես, որ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար հռչակված Փաշինյանը տեղյակ չլինի զինվորական ղեկավարության հրամաններից:

ՀՀ գլխավոր դատախազությունից վստահեցնում են, որ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկելու է հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Սպասենք հետագա զարգացումներին:

Ի դեպ, 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի սկսած և չներկայացրած պատերազմական վերլուծության մեջ հնարավոր է ինչ-ինչ սրբագրումներ և հավելումներ արվեն:

Աղբյուրը՝ 168․am