Էբրահիմ Ռայիսին ու Իլհամ Ալիեւն առաջին հանդիպումն են անցկացրել Աշխաբադում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին ու Իլհամ Ալիեւը անցկացրել են առաջին հանդիպումն Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբեջանի համար մեծ կարեւորություն են ներկայացնում հարաբերություններն Իրանի հետ:

Ռայիսին, իր հերթին, նշել է, որ երկու երկրների պաշտոնական անձինք վարչապետի, ԱԳ նախարարների մակարդակով արդեն անցկացրել են բարեհաջող բանակցություններ: «Ես համոզված եմ, որ այդպիսի հանդիպումները, շփումները, քննարկումները ներդրում կունենան երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Հարցերը, որոնք ծագում են մեր հարաբերություններում, կարելի է լուծել այսպիսի շփումներով եւ այցերով: Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ ոչ միայն հարեւանների հարաբերություններ են, այլ մեր սրտերի հարաբերություններն են»,-նշել է Իրանի նախագահը:

Ռայիսին հավելել է, որ երբեք թույլ չի տա, որ ուրիշները միջամտեն այդ հարաբերություններին: «Մենք պետք է ինքներս լուծենք մեր հարցերը, զարգացնեն հարաբերությունները, պետք է համատեղ աշխատենք փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար: Առկա փորձը ցույց է տալիս, որ երբ մենք ինքներս քննարկում ենք մեր հարցերը, դրանց մեծամասնությունը կարելի է լուծել եւ հաղթահարել խոչընդոտները»:

Իրանի նախագահը նշել է, որ Ղարաբաղի հարցում Թեհրանն ունեցել է բաց եւ միանշանակ դիրքորոշում: «Գերագույն ղեկավարից մինչեւ պետական կառույցների պաշտոնյաները բոլորն ունեին դիրքորոշում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովված լինի»,-Ռայիսիի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, ինչպես նաեւ համագործակցությունն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում: «Նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը շահավետ է Իրանի համար»:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են Ադրբեջան, Ռուսաստան, Իրան էներգամիջանցքի ստեղծումը, փոխանակել են կարծիքներ միջազգային կազմակերպությունների, առեւտրա-տնտեսական կապերի շրջանակում համագործակցության հարցով:

Իրանական կողմը դեռեւս չի ներկայացրել հանդիպման մանրամասները: ԻԻՀ նախագահի կայքում հրապարակվել է միայն բանակցությունների լուսանկարները: