Պուտինը առաջնորդվում է Ռուսաստանի շահերով. Արցախին մենակ թողնելու իրավիճակ ունենք

Մանրամասներ

1

Երեկվա ընթացքում ստորագրվեց մի փաստաթուղթ, որով, կարելի է ասել, Արցախի թեման վաճառեց Ադրբեջանին, թե ոնց կլուծի, ինչ կանի։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկվա՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբջանի ղեկավարների հանդիպմանը։

«Արցախին մենակ թողնելու իրավիճակ ունենք»,–ասաց նա  և նշեց, որ ցավում է, որ մեր հայկական շահերի մասին մտահոգվող իշխանություններ չունենք։ Թևան Պողոսյանը ամենամտահոգիչն այն համարեց, որ նշված չէր, թե մինչև Արցախի հարցի կարգավիճակը չլուծվի, իրավունքի ամրագրում տեղի չունենա, որևէ դելիմիտացիա, դեմարկացիա չի լինելու։

«Չի կարող պարտված իշխանությունը չշարունակել պարտությունները, շարունակվելու և ավելի խորացվելու են պարտությունները»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է միջանցքի խնդրին, ապա Թևան Պողոսյանն ասաց, որ միջանցք բառի մեջ չէ խնդիրը, խնդրի բովանդակության մեջ է, իսկ դա ամրագրված է նոյեմբերի իննի փաստաթղթում։

«Հիմա հասկանում եմ, որ գործող իշխանությունը մեզ վրա վաճառելու է այն, որ գերիների հարցը գրված է հումանիտար ձևակերպումների ներքո, բառախաղով է ներկայացվելու, բայց գերիների հարցը ոչ թե բառերի հարց է, այլ իրականում մարդկանց վերադարձն է»,–ասաց նա և նկատեց, որ Ալիևը երեկ ներկայացրեց, թե որքան հումանիստ է ինքը։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի դիրքորոշումներին՝  նա ասաց, որ Պուտինը Ռուսաստանի Դաշնության նախագահն է և առաջնորդվում է Ռուսաստանի շահերով։ «Հերիք է մենք աշխարհի ղեկավարների դարդ ու ցավերից խոսենք։ Մենք պատերազմական իրավիճակում ապրող երկիր ենք, տնտեսական, տեղակատվական, դիվանագիտական պատերազմները շարունակվում են, և չգիտենք կրակելու են, թե ոչ»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 15–ին սպասվող երկու երկրների նախագահների հանդիպմանը, նա նշեց, որ նորից խաղաղության կոչեր են հնչելու։ «Ես  կցանկանայի, որ այդ հանդիպմանը ամրագրվեր Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը կամ իրավունքի խնդիրը, հայկական ժառանգության ոչնչացման դեմ գործողություններ ձեռնարկվեն»,–ասաց նա և հավելեց, որ հույս չունի, որ մեր իշխանությունները կարող են հասնել դրան։