Հաստատում եմ Հայաստանի եւ մեր կառավարության պատրաստակամությունը խաղաղության դարաշրջանի մեկնարկի հարցում. Փաշինյան

Մանրամասներ

1

Շատ դրական հանդիպում էր, մենք քննարկել են, փաստորեն, օրակարգի բոլոր հարցերը: Ցանկանում եմ նշել, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրել ենք դիրքորոշումները: Պարզվել է, որ մի շարք հարցերում մենք տարընթերցումներ չունենք: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին դրական աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար: «Շատ դրական հանդիպում էր, մենք քննարկել ենք օրակարգի բոլոր հարցերը: Ցանկանում եմ նշել, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրել ենք դիրքորոշումները: Պարզվել է, որ մի շարք հարցերում մենք տարընթերցումներ չունենք: Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցման ուղիները բացելու հարցի վերաբերյալ մենք գրանցել ենք, որ ունենք ընդհանուր պատկերացում դրանց աշխատանքի շուրջ: Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի մեկնարկի մասին թեման նոր չէ, մենք քննարկել ենք այդ հարցը:

Մենք եռակողմ հայտարարություն ենք ընդունել, որում ամրագրել ենք, որ մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ, այսինքն՝ ստեղծել որոշակի անվտանգության եւ կայունության մեխանիզմներ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին», - ասաց նա։ Փաշինյանը հավելեց, որ շոշափվել են նաեւ հումանիտար հարցեր։ «Ընդհանուր առմամբ, ես շատ դրական եմ գնահատում այսօրվա հանդիպումը եւ նախաձեռնության համար եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը։

Կարծում եմ, եթե այս հանդիպման հիման վրա մեզ հաջողվի մեր զրույցի որոշակի դինամիկա ստեղծել, կարող ենք կոնկրետ արդյունքներ ակնկալել։ Ես հաստատում եմ Հայաստանի եւ նրա կառավարության պատրաստակամությունը՝ բացելու խաղաղության, խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի, մեր տարածաշրջանի համար, մեր նպատակը դա է։ Այսօրվա հանդիպումը ձեռնտու էր այս օրակարգի իրականացման տեսանկյունից», - եզրափակեց Փաշինյանը։