Չինաստանը պատրաստ է Իրանի հետ միասին պայքարել միակողմանի գործողությունների դեմ

Մանրամասներ

ա

Չինաստանը պատրաստ է Իրանի հետ միասին պայքարել միակողմանի գործողությունների և ապակայունացնող քաղաքականության դեմ, ինչպես նաև պահպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ զրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով։

«Չինաստանը մտադիր չէ արտահանել իր զարգացման մոդելը, բայց հուսով է օրինակ ծառայել Իրանի նման երկրների համար, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը և միևնույն ժամանակ պահպանել անկախությունը», – ասել է Վան Ին։

Նա նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի կողմից առաջադրված համաշխարհային զարգացման նախաձեռնությանը, պատրաստ է աշխատել Իրանի հետ՝ իրականացնելու երկու երկրների միջև համապարփակ համագործակցության ծրագիրը և նպաստել  ռազմավարական գործընկերության նոր արդյունքների ձեռքբերմանը։

«Չինաստանի կառավարությունը որոշել է Իրան ուղարկել պատվաստանյութերի ևս մեկ խմբաքանակ՝ իրանցի ժողովրդին իր բարեկամությունը հայտնելու նպատակով», – ասել է նախարարը։