Սյունիքը կարևոր է բոլոր խաղացողների համար, և բարդ է ասել, թե այս պայքարն ինչ արդյունքով կավարտվի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ներկայիս թյուրքական կամ թուրանական գաղափարախոսությունը, որն ակտիվ առաջ են մղում թյուրքախոս համարվող երկրները, չափազանց խորը արմատներ ունի, չափազանց շատ մշակված ծրագիր է, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ, և մեծ սպառնալիք է իրենից ներկայացնում Ռուսաստանի համար,-«168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Նրա որակմամբ, օրերս հրապարակված քարտեզը միայն այդ գաղափարախոսության երևացող հատվածն է, որում էական կարևորություն է ներկայացնում Զանգեզուրի միջանցք կոչված պրոյեկտը, որը կապելու է թյուրքական աշխարհներն իրար, և ըստ էության այդ միջանցքի անհնարինությունը թույլ չի տվել այդ գաղափարներին խորանալ և շարունակել մոտենալ ՌԴ-ին: Նադեին-Ռաևսկիի խոսքով, սա շատ վտանգավոր է Ռուսաստանի համար, միևնույն ժամանակ գործի առյուծի բաժինն արված է:

«Ես վաղուց եմ սկսել ուշադրություն հրավիրել այդ վտանգների ուղղությամբ, խոսել եմ թուրանական բանակի հեռանկարներից, թեև այդ պրոյեկտն այս պահին ժամանակավորապես չեղարկված է: Թեև նրանց առաջին քայլը հենց հաղթանակն էր Ղարաբաղյան պատերազմում: Սակայն ՌԴ-ն այս խնդիրը բաց է թողել, չի զբաղվել իր տարածքներում ռուսերենի ամրապնդմամբ, ռուսական մշակույթի տարածմամբ: ՌԴ տարածքների կեսից ավելին տարածքային կազմավորումներ են, որոնց մեծ մասն էլ իրենց հերթին ունեն թյուրքական մշակույթ և ակտիվորեն այդ հատվածներում թյուրքական մշակույթը շարունակել են խորացնել:

Սա լուրջ խնդիր է Թուրքիայի համար, և հուսամ, որ դա հասկանում են, հուսամ՝ հասկանում են, որ այս ամենի նպատակը թյուրքական աշխարհ ստեղծելն է, որը կղեկավարի աշխարհը: ՌԴ-ն պետք է ընդդիմանա այս ամենին բոլոր, այդ թվում՝ հարավկովկասյան ուղղությամբ, սակայն միայն ՌԴ-ից չէ, որ այս ամենը կախված է, քանի որ ՌԴ-ն փորձում է դիմակայել այլ աշխարհաքաղաքական մարտահրավերների ևս, որոնք շատ ավելի մոտ են ՌԴ սահմաններին, քան Հարավային Կովկասը»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ Սյունիքը կարևոր է բոլոր խաղացողների համար, և բարդ է ասել, թե այս պայքարն ինչ արդյունքով կավարտվի:

1