Ազգությամբ եզդի, 19-ամյա Սուրեն Սաֆարյանը բազմազավակ ընտանիքի փոքր որդին էր

Մանրամասներ

ա

Նախօրեին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Նորաբակ գյուղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա Սուրեն Սաֆարյանը։ Նա Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր, ազգությամբ եզդի։ Զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր սովորել։ 

Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը «Փասինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սուրենը բանակ էր զորակոչվել նախորդ տարի՝ ծառայության մեկ տարին արդեն լրանում էր:

«Ցավալի լուրը ամբողջ հանրապետությանն է վերաբերում։ Սուրենը ոչ թե իր կամ ալագյազցիների համար է զոհվել, այլ պետության համար։

Մեր խոնարհումն ենք բերում Սուրենի մեծության առաջ»։

Սուրենը բազմազավակ ընտանիքի փոքր զավակն էր, ծնողներն էլ զբաղվում էին գյուղատնտեսությամբ, որ զավակների համար բարեկեցիկ կյանք ապահովեն։

«Սուրենի երկու քույրերն ամուսնացած էին, ուներ նաև երեք եղբայր։ Սուրենը վերջին որդին էր, որը ծառայության մեջ էր։ Նրանից առաջ երկու եղբայրները ևս ծառայել են, մեկը նաև մասնակցել է 44-օրյա պատերազմին։ 2002 թվականի ծնունդ էր Սուրենը։ Հանգիստ, շրջապատում ընդունված, հեռահար նպատակներ ուներ։ Ծնողները հանգիստ մարդիկ են, գյուղացիներ են, մշակով էին զբաղվում, իրենց ընտանիքի հոգսերը լուծում»,- ասաց համայնքապետը։

Սուրենը պատրաստվում էր ծառայությունից հետո շարունակել ուսումը, բայց կարծես մասնագիտության հարցում վերջնական որոշում դեռ չէր կայացրել, մեկ տարի դեռ ուներ՝ որոշում կայացնելու համար։

«Ուսման մասին մտածում էր ծառայությունից հետո։ Պարտադիր էր ծառայելը։ Սուրենի ընտանիքում նրա ուսման համար նպատակ եղել է»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։