43-ամյա տղամարդը 100-ից ավելի գողություն էր արել. Ոստիկաններն ընդհատեցին նրա «հաղթարշավը»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Ռուսթավելու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն տվեց, որ սեպտեմբերին Երևանի Կուրղինյան փողոցի մի խանութի դրամարկղից փող էր գողացել։ Բայց սա ամենը չէր։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական տվյալները ճշտելիս իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց նաև, որ նա Մալաթիա-Սեբաստիա համայնքում անձնական ունեցվածքի 6 գողություն էր արել, որոնցից հինգը նախաքննության փուլում են, իսկ մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, ինչպես և հանրապետության մարզերում հաջողել էր հարյուրից ավելի գողություն անել։

43-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին և ձերբակալվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: