Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ դե, հերիք ա, մեր ստեղն եք հասցրել, գնացեք, իրար հետ լեզու գտեք. Փաշինյան. Տեսանյութ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մենք ասել ենք, որ խաղաղության դարաշրջան բացելը հեշտ չի լինելու, դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր. նաեւ ընդգծել ենք, որ նման դարաշրջան բացելը միայն մեզնից չի կախված, լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է դրսից մեր հասարակությանն ապացուցել, որ խաղաղության դարաշրջանը  հնարավոր չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մինչ մենք խոսում ենք խաղաղության դարաշարջան բացելու մասին, Ադրբեջանը նորանոր սադրանքների է դիմում:

«Այդ ամենը ցույց է տալիս, որ սա առաջին հերթին մեր օրակարգն է: Մենք հետեւողական պետք է գնանք այդ օրակարգի հետեւից:

ԼՂ հարցի կարգավորման բանակցային ողջ գործընթացի ընթացքում մենք սովորաբար ձեւակերպել ենք մեր դիրքորոշումները, բայց մենք անարդար ենք համարել միջազգային հանրության դիրքորոշումները եւ լսելի չենք համարել մեր հակառակորդի դիրքորոշումները: Արդյունքում  ստացվել է այնպես, որ մի X պահից մեր դիրքորոշումները սկսել են չլսելի լինել միջազգային հանրության կողմից: ես դեռ 2019-ին ասել եմ, որ մեր ասելիքը միջազգային հարթակներում կորսված է: Այսինքն հնարավոր չէ միջազգային օրակարգի հարցերը չափել միայն սեփական արշինով: Կարելի է դա անել, բայց դա լուծում չի բերի:

Մենք պետք է կողմնորոշվենք, մենք ուզում ենք գնալ լուծումների՞, թե՞ ոչ: մեր առաքելությունը դա է, որ մենք պետք է գնանք լուծումների: Բայց դա էլ պետք է հասկանանք, որ այն, ինչ մեր դիրքորոշումն է, դա չի նշանակում, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի կլինի: Բայց դա նաեւ չի նշանակում, որ մեզ համար ցանկալի լուծումները ընդունելի կլինի մյուս կողմի կամ միջազգային հանրության համար»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, մենք բանակցային գործընթացի արդյունքում հաջողություն չենք ունեցել, որովհետեւ մեր ընկալումներն ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, նրանց ընկալումներն էլ՝ մեզ համար. «Մենք ունեցել ենք «հայանպաստ լուծում» ձեւակերպումը եւ նվիրված ենք եղել Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար: Մի բան մենք հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը ոչ թե հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ հարցի լուծումը:

Նույնը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի դեպքում է. Միջազգային հանրությունն ի՞նչ է ասում. Կներեք անկեղծության համար, միջազգային հանրությունն ասում է՝ դե, հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ հրադադարը խախտվեց, վայ ագրեսիա է, իրենք ձեզ մեղադրեն ագրեսիայի մեջ, դուք իրենց, մեր ստեղն եք հասցրել, գնացեք, իրար հետ լեզու գտեք: Արդեն մեր նյարդերը չի հերքում, որովհետեւ մենք էլ խնդիրներ ունենք: Մենք պետք է հասկանանք, որ պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում: Կա կամ լուծում, կամ չլուծում»:

Անդրադառնալով նրան, թե արդյոք իշխող ուժը պետք է մնար իշխանության, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո, ժողովուրդն է որոշում, թե ով լինի իշխանություն, բայց մենք այսքանից հետո պե՞տք է հավակնենք իշխանություն լինելուն: Եվ մեր պատասխանն է. այո, որովհետեւ մենք չենք կարող նավն ալեկոծված օվկիանոսի կենտրոնում թողնել եւ ասել՝ էլ չենք կարողանում: մենք այդ նավը ալեկոծությունների, ցունամիների, փոթորիկների  միջով պետք է բարեհաջող հասցնենք նավահանգիստ: Դա մեր պարտականությունն է»: