Դեռևս չկա նոր որոշում. ԿԳՄՍ նախարարության խոսնակը՝ դասերը երկուշաբթի օրվանից վերսկսելու մասին

Մանրամասներ

1

Մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե դպրոցներում դասերը երկուշաբթի օրվանից վերսկսվելու են առկա ձևաչափով՝ իրականությանը չի համապատասխանում:

«Դեռևս չկա նոր որոշում, առայժմ առաջնորդվում ենք առկա որոշումով: Կլինի նորը՝ նախարարությունը կհրապարակի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ:

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից համաճարակային կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված հետազոտությունների արդյունքները և առաջարկությունը` նշված հաստատություններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար:

Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև՝ հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: