Դոնալդ Թրամփը սեփական մեդիախումբ և սոցցանց է ստեղծում՝ TRUTH social

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Trump Media & Technology Group (TMTG) մեդիախմբի ստեղծման մասին, որը կգործարկի նաեւ նոր սոցիալական ցանց՝ «TRUTH social» անվանմամբ։ Այս մասին տեղեկացվում է քաղաքական գործչի անունից ընկերության տարածած հաղորդագրությունում։

«TMGT առաքելությունն է՝ ստեղծել մրցակից լիբերալ մեդիակոնսորցիումին եւ հակահարված տալ Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական ընկերություններին, որոնք իրենց մոնոպոլ իշխանությունն օգտագործում են, որպեսզի ստիպեն լռել Ամերիկայի ընդդիմադիր ձայներին։ TMGT-ն շուտով կգործարկի «TRUTH social» ցանցը»,- ասվում է հաղորդագրությունում։

TMGT-ն կդառնա հանրային ընկերություն Digital World Acquisition Group-ի հետ ձուլման միջոցով, որի բաժնեթղթերն արդեն ներկայացված են NASDAQ էլեկտրոնային բորսայում։ Իր հերթին,  հավելվածը սոցիալական ցանցի համար հասանելի է նախնական պատվերի համար App Store հավելվածների ինտերնետ-խանութում։ Սպասվում է, որ բետա-թեստավորումը կսկսվի արդեն այս տարվա նոյեմբերին, հավելվածի գործարկումը նախանշված է 2022թ. առաջին եռամսյակում։

«Ես ստեղծել եմ TRUTH Social-ը եւ TMGT-ն, որպեսզի հակահարված տամ տեխնոլոգիական հսկաների բռնապետությանը։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «Թալիբանը» [արմատական շարժում, որն արգելված է ՌԴ-ում] ներկա է Թվիթերում, եւ հետն էլ ձեր սիրելի ամերիկացի նախագահին ստիպել է լռել»,- մամլո հաղորդագրությունում մեջբերվում են հանրապետականի խոսքերը, որն ավելացրել է, որ նոր մեդիախմբի գլխավոր առաքելությունը «յուրաքանչյուրին ձայն տալն է»։

ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելու վերջին շաբաթներին Թրամփը զրկված էր Թվիթերում, Ֆեյսբուքում եւ Ինսթագրամում գրելու հնարավորությունից։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հունվարի 6-ին հանրապետականի կողմնակիցները, որն այն ժամանակ ամերիկյան վարչակազմի ղեկավարն էր, փորձել էին խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցած տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը։ Դրանցում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը։