Պատրաստվում են պատերազմի. Ադրբեջանը շատ մեծ քանակությամբ զորք և ծանր զինտեխնիկա է կուտակել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջան ասելիս՝ պետք է հասկանալ Թուրքիա:

«Ադրբեջանը միայնակ չի կատարում այս գործողությունները, և Քաշաթաղում մինչև զորավարժությունները սկսելը առաջին անգամ այդ շրջանում Թուրքիայի հետ համատեղ իրականացրին զորավարժանքներ, որի ժամանակ ինքս էլ հայտարարեցի, որ դրանց հետևելու են զորավարժություններ, այնպես որ, այս զորավարժությունները սպասելի էին: Զորավարժությունները հիմնականում ուղղված են ոչ թե ՀՀ-ի, այլ Իրանի դեմ, որովհետև Ադրբեջանը հայտարարել էր, որ Արցախի տարածք են մտնում իրանական պետհամարանիշներով բեռնատարներ, ինչն անթույլատրելի է, և փորձ է կատարվում Իրանի նկատմամբ սադրանքների դիմել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները Ռուսաստանի դեմ ուղղված չեն. «Այն սադրանքները, որ իրականացնում է Ադրբեջանը, որոշակիորեն բխում է ՌԴ շահերից: Վերջիվերջո, եթե Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, ապա Ռուսաստանը փորձում է ուժեղի կողմը բռնել, և ձեռնտու է ուժեղ գործընկեր ունենալ: Ռուսաստանը հայկական կողմին և, ընդհանրապես, խաղացող երկրներին փորձում է ցույց տալ, որ իրականում տարածաշրջանում կարող է շատ ավելի լավ գործընկեր լինել Ադրբեջանը, քան պարտված և այդպես էլ ոտքի չկանգնող Հայաստանը: Ռուսաստանը նաև ցույց է տալիս, որ Հայաստանի ներկա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, որը ավելի շատ հակված է դեպի Թուրքիա, և կեղծ խաղաղասիրության քարոզը․․․ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ կա այլընտրանք: Այդ այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը, և արցախահայությունը Արցախում՝ Ադրբեջանի կազմի մեջ»:

Հարցին՝ Ադրբեջանի այդ գործողություններն ուղղված չե՞ն ռուսական խաղաղապահ առաքելության դեմ, նա պատասխանեց. «Այստեղ արդեն ոչ թե Ադրբեջանի գործողություններն են, այլ Թուրքիայի: Թուրքիան ուզում էր ներկայացվածություն ունենալ Հարավային Կովկասում, բայց այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանի հետ միասին խաղաղապահ զորքեր տեղակայել, և սահմանափակվեցին միայն մոնիտորինգային խմբով: Այս շրջանում Թուրքիան փորձում է Ռուսաստանին նեղել այն իմաստով, որ՝ եթե դու չհամաձայնես «Զանգեզուրի միջանցքի» հետ, ապա ամեն ինչ անելու եմ, որ դու՝ որպես խաղաղապահ, այդ մանդատը չունենաս և դուրս գաս Արցախից: Այնպես որ, բավականին բազմավեկտոր է, և չի կարելի միանշանակորեն ասել, որ դա Ռուսաստանի դեմ է: Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն դեպի Թուրքիա ուղղվածությունից: Այսօր քաղաքականությունն ավելի շատ տարվում է այնպես, որ ճանապարհների ապաշրջափակումով ՀՀ-ն գնում է ավելի շատ Թուրքիայի ազդեցության տակ, քան Ռուսաստանի»:

Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարած աստիճանական կարգավորումը նշանակում է այն առևտուրը, որն Ադրբեջանն անում է հիմա. «Գերիների դիմաց՝ ինչ-որ բան, ՀՀ տարածք մտնելուց հետո՝ այդ տարածքի դիմաց՝ ինչ-որ բան: Աստիճանական կարգավորումը բերելու է շատ ավելի մեծ բախման, որին մենք չենք պարտաստվում, փոխարենը՝ պատրաստվում ենք խաղաղության, որը սին է: Ադրբեջանն այսօր պատրաստվում է պատերազմի: Որքան էլ նրանք հայտարարություններ տարածեն, թե պատրաստ են հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»:

Ռազմական փորձագետը ընդգծեց, որ մայիսի 12-ից սկսած ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերը շատ լավ դիրքավորվել են, իրենց մարտական կացարանները, իրենց ճանապարհները շատ լավ կառուցել են ՀՀ տարածքում. «Նրանք իրականացնում են ամրաշինական աշխատանքներ, դրանք տեսանելի են ոչ միայն մեր տարածքում գտնվող մեր դիրքերից, այլև բնակավայրերից: Պարտադիր չէ գնալ դիրք՝ այդ ամենը տեսնելու համար: Ադրբեջանական կողմը շատ մեծ քանակությամբ զորք է կուտակել, ծանր զինտեխնիկա է կուտակել: Պատրաստվում են պատերազմի, և պարտադիր չէ դիրք գնալ, որպեսզի այդ ամենը տեսնել, նորից եմ կրկնում՝ բնակավայրերից այդ ամենը երևում է։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում