Մեղրին, Գորիսն ու Գյումրին պարզեցրին ջրերը․ Ապտակ խորհրդարանի ընդդիմադիր դաշինքներին

Մանրամասներ

1

«Գյումրին, Գորիսը եւ Մեղրին մերժեցին․ բեկումը սկսում է տեղերից» հոդվածում ընդգծել էինք ՏԻՄ ընտրության հետ կապված մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո իշխող խմբի՝ ժողովրդից «խաղաղության դարաշրջանի» մանդատ ստանալու վերաբերյալ պնդումների սնանկությունը

Իշխանությունը պնդում էր, թե այդպիսով ժողովուրդը հավանություն է տվել իր օրակարգին։ Այս երեք քաղաքներում պարտությունը ցրում են իշխանության հիմնավորումները։ Իր հերթին, «ժողովրդի տված այդ մանդատի» հանգամանքը լիուլի շահարկում էր խորհրդարան անցած ընդդիմությունը՝ փորձելով արդարացնել իր պարտությունը։ Այս հոդվածում կանդրադառնանք հենց այս հանգամանքին։

Բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ մոսկովյան մտահղացմամբ ու քվոտաներով անցկացված արտահերթ «ընտրությունը» ենթադրում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության «սահմանադրական մեծամասնությունը»՝ եռակողմ հայտարարությանը հավատարմության հիմքով ռուսական խորհրդարանի կազմավորմամբ։ Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո փողոցներն ու մեդիան զբաղեցրած ռուսանպաստ ուժերի խնդիրը Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն էր, այդ թվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Անփորձ, «սորոսական եւ թուրք» պիտակներով Փաշինյանը գտածո է Կրեմլի ծրագրերի իրագործման համար, երբ կարելի է ամեն ինչ բարդել նրա վրա։ ՌԴ դեսպանատան հրահանգավորմամբ գործող ռուսանպաստ «ընդդիմության» դերը հանգում էր հենց այս սխեմայի իրագործմանը։

ԱԺ ընտրություն ըստ էության չի եղել, եղել է քվեարկություն՝ «չարյաց փոքրագույնի, հներին չվերադարձնելու» հիմքով։ Հենց այդ «գաղափարաբանությունն է» գործել քվեարկությանը, նաեւ այն, որ իշխանությունն էլ, ռուսական ընդդիմությունն էլ հավատարմություն են հայտնել ռուս-թուրքական ծրագրերին։ Հանուն արդարության, նշենք, որ Պատիվ ունեմ դաշինքը պարբերաբար բարձրացնում է հայկական իրավունքների ու պահանջների՝ կարգավիճակ, դեօկուպացիա, Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անհնարինության եւ այլ հարցեր, Հայաստան դաշինքի պարագայում նման պահանջներ դժվար է գտնել։

ՏԻՄ ընտրություններին այս դաշինքները բացակայել են, եւ հանրությունը ոչ թե քվեարկություն, այլ ընտրություն է կատարել։ Ամենավառ օրինակը Գորիսն է, որտեղ կալանավորված քաղաքապետ, Հայաստան դաշինքից պատգամավոր Առուշ Առուշանյանը ընտրությանը մասնակցել է իր անվան դաշինքով։

ՀՓՇ ուժերը հայտարարում էին, որ չեն մասնակցելու խորհրդարանի արտահերթ ընտրությանը, սակայն ՌԴ դեսպան Կոպիրկինի հրահանգից հետո փոխեցին իրենց որոշումը։ Կարելի է զուգահեռներ կատարել ՏԻՄ ընտրության օրինակով, որ եթե պահեին իրենց որոշումը եւ չմասնակցեին, Փաշինյանի իշխանությունը չէր վերարտադրվի «սահմանադրական մեծամասնությամբ», ինչը չէր մտնում ռուսական ծրագրերի մեջ։

ՏԻՄ ընտրության արդյունքները հայկական մեդիա-քաղաքական-փորձագիտական շրջանակներում քննարկվում են մանր տեխնիկական ավանդական մոտեցումների շուրջ, այնինչ պետք է ավելի լայն դիտարկել ընտրության արդյունքը։ Հանրությունը մերժում է ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթը, դրա հեղինակներին եւ ՀՀ-ում դրան հավատարմություն հայտնած խորհրդարանական ուժերին։ Սա հայկական ճեղքման մեկնարկը կարող է դառնալ։ Այս հիմքով ընտրված տեղական նոր իշխանություններն ահռելի պատասխանատվություն են կրում ժողովրդի հենց այս ընտրության տեսանկյունից։

Սկզբնաղբյուր