Ապաշրջափակումը կիրականացվի ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում. Մհեր Գրիգորյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ օրակարգն ըստ էության չի փոփոխվել։

«Այո, մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, մենք որոշակի պատկերացումներ ու նախնական պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։ Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր», – ասաց նա։

Գրիգորյանն ասաց, որ Հայաստանի առաջնահերթությունները հայտարարված են, դա ապաշրջափակումն է։ Հարցին, թե որ տարբերակն է դրված բանակցությունների սեղանին, նա պատասխանեց․ «Կոնկրետացված տարբերակներ չկան, երկաթգծի հետ կապված խնդիրը մի քիչ պարզ է, որովհետև վերականգնողական տրամաբանության մեջ է, այսինքն՝ գծերը, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ, այդ երկաթգծերի վերականգնման մասին է խոսքը։ Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են»։

«Տարածաշրջանային դերակատարությունը դա խաղաղության հիմնական երաշխիքն է կամ երաշխիքներից մեկը։ Իհարկե, այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետևանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ-որ լուծումների գալ, բայց եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավել որևէ այլ կողմ, ոչ, չկա նման ոչ ձևաչափ, ոչ պայմանավորվածություն, ոչ էլ փաստ։ Այս պահին նման հարց գոյություն չունի»,- նշեց Մհեր Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ միջանցքի հարց չի քնարկվում։ «Ձեր պնդումը միջանցքի տրամադրման մասին տեղին չէ, որովհետև ես ասել եմ և կրկնում եմ՝ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում։ Ուղղակի չի քննարկվում, իսկ դուք շարունակում եք դրա շուրջ հարցեր հնչեցնել, չի քննարկվելու։ Ավելի լավ է լսեք այն, ինչ ես եմ ձեզ ասում», – ասաց Գրիգորյանը։