Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:

72 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը մեծ ճնշումով պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ: Պարտերում Եվրոպայի փոխչեմպիոնը երկու միավորանոց գլորում կատարեց եւ հաշիվը դարձրեց 3:0՝ իր առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց Ամոյանին եւ նստեցրեց պարտեր, բայց Կուտուզովին չհաջողվեց գլորել Ամոյանին: Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով:

Նախորդ անգամ Մալխաս Ամոյաը Սերգեյ Կուտուզովին հանդիպել էր Մ23 Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ հաղթել էր 4։1 հաշվով։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեց 1 րոպե 35 վայրկյանում հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին (8:0), քառորդ եզրափակիչում ուժերը չափեց 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Շլեյվայի հետ եւ հաղթեց 5։0 հաշվով։ Կիսաեզրափակիչում 10։6 հաշվով հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինին:

Մալխաս Ամոյանը 2016 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է, 2016 թվականի աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականին նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը, 2019 թվականին էլ հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:

Մեծահասակներում նորամուտը նշել է 2019 թվականի Poland Open մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր: 2019 թվականին Նուրսուլթանում առաջին մասնակցությունն է ունեցել մեծահասակների աշխարհի առաջնությունում, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել էր քառորդ եզրափակիչում: 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում պարտություն կրելուց հետո, տարեվերջում աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում երիտասարդ Ամոյանը նվաճեց արծաթե մեդալ: 2021 թվականին Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ մայիսին նվաճեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը:

Մալխաս Ամոյանը 22 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: Մալխաս Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:

1