Հենց Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ. Ղարիբաշվիլի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին հայրենիք վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, ձերբակալվելու է այն պահին, երբ ոտք դնի Վրաստանի տարածք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, տարածքին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի այս գործընթացին, նույնպես կպատժվի օրենքի շրջանակներում ամենախիստ ձևով», - ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը վստահ է, որ Սաակաշվիլիի նպատակը իշխանությունը վերադարձնելն է, սակայն նա հիշեցրել է, որ փողոցում 2003 թվականը չէ, երբ նախկին նախագահը իր համախոհների հետ միասին «վարդերի հեղափոխություն» կազմակերպեց Վրաստանում և այդպիսով եկավ իշխանության: 

«Սաակաշվիլիի միակ խնդիրն ու նպատակը անկարգություններն են, ապակայունացումն ու քաոսը մեր երկրում: Նրա միակ ցանկությունն է վերականգնել իշխանությունը, սա անհասանելի երազանք է Սաակաշվիլիի և նրա թիմի համար: Այսօր պետությունն ուժեղ է, Միխոն ու իր բանդան թող չմտածեն, որ սա 2003 թ.-ն է: Բոլորը խստորեն պատասխան են տալու ցանկացած սադրանքի համար, իհարկե, օրենքի շրջանակներում », - եզրափակել է նա:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարն է, ասել է, որ հոկտեմբերի 2-ին կվերադառնա Թբիլիսի: Այդ օրը երկրում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

«Իհարկե, ինչպես ասացի, ես հոկտեմբերի 2-ի երեկոյի տոմս եմ վերցրել, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտումը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանը փրկելուն», - ասել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձում:

Սեպտեմբերի 6-ին Սաակաշվիլին հայտարարել էր, որ հայրենիք է գալու հոկտեմբերի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ: Ըստ քաղաքական գործչի, եթե անգամ վրացական իշխանությունները նրան բանտարկեն, «վրաց ժողովուրդը կազատագրի» իրենց նախկին նախագահին:

Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր: 2013 թվականին նա լքել է երկիրը նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ: Դրանից անմիջապես հետո նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով արդեն կան վճիռներ: 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է երեք տարվա ազատազրկման 2006 թվականին Վրաստանի Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար: 2018 թվականի հունիսի 28-ին դատարանը նրան դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործով: