ԿԱՐԵՎՈՐ․ Պատերազմի ելքը որոշել է առաջին օրը. Ադրբեջանը կարողացել է Փաշինյանի օրոք ճեղքել նախկինների ստեղծած և ամրացրած պաշտպանական գիծը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ պատերազմը  սկսելուց ի վեր առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել  հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ առաջնորդի ծննդյան օրը:

«Բնականաբար, մենք կանոնավոր կապ էինք պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը: Ես ավանդաբար շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Եվ սա մեր առաջին հեռախոսային կապն էր այն պահից ի վեր, երբ ռազմական գործողությունների սկսվելուց արդեն անցել էր 10 օր: Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես և  ինչ անել պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ունեցել է առաջարկներ, որոնց  մասնակի իր հարցազրույցներից մեկում  անդրադարձել է ՌԴ նախագահը, և, որ այդ առաջարկները պաշտպանել է ռուսական կողմը, սակայն հայկական կողմը մերժել է:

«Առնվազն երկու անգամ պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է այդ պատմական հնարավորությունը»,- շեշտել է Ալիևը:

Նշենք, որ 2020թ. հոկտեմբերի 7-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, մինչ այդ նա արդեն մի քանի անգամ այս տարբերակով զրուցել էր Փաշինյանի հետ, այդ թվում՝ պատերազմի սկսման առաջին օրը:

Ինչ վերաբերում է  առաջարկին, որի մասին հիշեցնում է Ալիևը՝ հղում կատարելով Պուտինին, նշենք, որ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել էր, որ հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցների շարք է եղել Ալիևի և Փաշինյանի հետ։

«Այն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային հատվածից աննշան հատված։ Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, պարտադիր պայման էր նրա կողմից փախստականների վերադարձը Շուշի։ Բայց անսպասելիորեն ինձ համար հայաստանյան գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է։ Փաշինյանն ուղիղ ասաց, որ դրանում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի համար սպառնալիք է տեսնում»,- մանրամասնել էր Ռուսաստանի ղեկավարը, որը հերթական անգամ այս հարցազրույցում հաստատեց Ալիևը:

Նշենք, որ «Սիվիլնեթին» տված իր հարցազրույցում Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) իմքայլական քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ պատերազմի դադարեցման խոսակցություն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում:

«Որտեղ նշվել է՝ 2-3 օր ունենք, նույնիսկ այդ խոսքերը, որ 2-3 օր ունենք, մենք այլևս չենք կարող, միայն 2-3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է: Դա եղել է հոկտեմբերի 19-ին, 4-րդ օրն  ԱԽ նիստում  պատերազմը դադարեցնելու որևէ առաջարկ չի հնչել: Ավելին ասեմ՝ նույնիսկ էնպիսի միտք չի հնչել ամբողջ ԱԽ նիստի ընթացքում, որը  կարող է երկիմաստություն ունենալ»,- ասել է Գրիգորյանը՝ շարունակելով, թե հոկտեմբերի 19-ին ամեն գնով պատերազմը դադարեցնելու առաջարկին ԱԽ բոլոր անդամները համաձայնություն են տվել:

Հոկտեմբերի 19-ին արված առաջարկի մասին խոսել էր նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ ասելով, որ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը մանրամասն ներկայացրել էր տիրող իրավիճակը և հեռանկարը՝ ցույց տալով, որ պարտության են գնում։

«Նույն կարծիքին էր նաև Տոնոյանը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ով նույնպես ներկա էր էդտեղ։ Ներկա էին նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Աբովյան Արմանը և Էդմոն Մարուքյանը։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ դրանից հետո նման որոշում չկայացվեց»,- ասել էր Համբարձումյանը:

Ի դեպ,  Միքայել Համբարձումյանը պնդել էր, որ  Վլադիմիր Պուտինի առաջարկը ԱԽ նիստին չի քննարկվել, և իրենք դրան  ծանոթ չեն եղել:

«Այդ կոնկրետ առաջարկությունների մասին տեղեկացա ոչ թե վարչապետից, այլ իմ գործընկերներից, բնականաբար, իմ համար զարմանալի էր, թե ինչու չենք գնում մենք էդ քայլին, ինչն ա մեզ խանգարում։ Ինչի ենք ուշացնում, ոչ թե խանգարում։ Չէ՞ որ դա էր պատերազմը կանգնեցնելու, քիչ մարդկային, տարածքային կորուստներ տալու ռեալ միակ ելքը»,- մանրամասնել էր ԱԱԾ նախկին ղեկավարը:

Հարկ է նկատել, որ այն ժամանակահատվածում, երբ Ալիևը Պուտինին առաջարկում էր դադարեցնել պատերազմը, Փաշինյանը կնոջ հետ Արցախում նոր օպերացիաներ էր գծում:

Մասնավորապես, հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին, եղել է Արցախում և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:

Հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրառում է կատարում, որ գտնվում են գնդակոծվող քաղաքում, և կից տեսանյութ տեղադրում, որտեղից երևում է, որ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ այդ օրերին է իրականացվել Սամվել Բաբայանի մտահղացած Քյանդ-Հորադիզ օպերացիան:

«Ես որքան գիտեմ՝ պատերազմի ժամանակ էլ և պատերազմից հետո, այս վերջին 5-6 օրն ավելի ակտիվ ինչ-որ Լելե Թեփե են ասում: Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի.- Մ․Պ.) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանում էր, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն էր վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը սելեկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում՝ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- Հանրային ՀԸ հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրուցում ասել էր Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ ասում է.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Հոկտեմբերի 8-ին Աննա Հակոբյանը տեսանյութ տեղադրեց՝ գրառմամբ, որ ՀՀ վարչապետի որդին այսօր կամավորականների ավտոբուսով մեկնեց առաջնագիծ: 

Նշենք, որ  2020թ. հոկտեմբերի 5-ին  «Մարտակոչ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին» ֆեյսբուքյան ելույթում  Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.

«Ես ուզում եմ հիմա կոչով դիմել, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները այս պահից սկսած ներկայանան Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն Հայոց բանակին, զինվորագրեն այս նոր Սարդարապատին։ Արդեն անհրաժշետ հանձնարարականները տվել եմ, իհարկե, կա նաև անվտանգության խնդիր, հրապարակային եմ խոսում, և հակառակորդը նույնպես տեսնում է դա, իհարկե, դա որոշակի կազմակերպչական աշխատանքներ է պահանջում, բայց այդտեղ կկազմակերպեն, որ շատ մեծ կուտակումներ չլինեն: Քանի որ այս հատվածի համար պետությունը մոբիլիզացիոն պլան նախատեսած չի եղել, և ես հիմա խնդրում եմ դա կամավոր անել, խնդրում եմ նաև, որ ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկանց խնդրում եմ, որ դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան։

Ինչ խնդիրներ կկատարեք, որտեղ կկատարեք այդ խնդիրները, դա արդեն տեղում կկազմակերպի հրամանատարությունը։ Ձեզնից էլ որոշակի հրամանատարական օղակներ կձևավորվեն։ Ես նորից ասեմ, խոսքը ոչ թե ուղղակի ծառայության մասին է, այլ կենաց-մահու կռվի մասին։ Եվ ես հավատում եմ, որ մենք իրար հետ կկարողանանք այդ կռիվը տալ և հաղթանակն ապահովել այս պատերազմում Հայաստանի, Արցախի։ Տղե՛րք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

Հոկտեմբերի 14-ին Փաշինյանը դարձյալ դիմում է ժողովրդին, որտեղ տեղեկացնում է, որ այս ընթացքում  ունեցել ենք բազմաթիվ կորուստներ:

«Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան: Եվ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների և հատկապես մայրերի առաջ, և նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը:

Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի: Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն:

Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, և այս կուլմինացիան պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ:

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, հայ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է Ազատ և Երջանիկ Արցախ, Ազատ և Երջանիկ Հայաստան:

Այսօր՝ հիմա, այս վճռական պահին, մեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը՝ ամեն ոք, պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա: Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում թե Հայաստանում: Մենք մեր սուգը պետք է վեր ածենք ցասման, մեր մտավախությունները՝ վճռականության, մեր կասկածները՝ գործողության:

Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պիտի կերտենք մեր պատմությունը, ու մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը»,- ժողովրդին դիմում է Փաշինյանը:

Սրանից հետո դեռ 25 օր շարունակվում է պատերազմը, անգամ, երբ արդեն եռակողմ հայտարարության մասին քննարկում  կար:

Ինչպե՞ս կորցրեցինք Ադրբեջանի համար ոչ շահեկան  ռելիեֆն ունեցող Շուշին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Շուշիի գրավումից հետո Պուտինը զանգել է իրեն:

«Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Եվ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարում ունեցավ իրադարձություններում, նա փոխանցում էր իմ ուղերձները Փաշինյանին, և  նրանից ուղերձները փոխանցում էր ինձ: Այդ համաձայնեցումը շարունակվում էր մինչև ուշ գիշեր և ձգվեց կեսգիշերից անց: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, ուստի մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր»,- մանրամասնել է Ալիևը:

Այսինքն, երբ արդեն փոխանցված էին պատերազմի դադարեցման հստակ պահանջները,  քննարկվում էր հայտարարության տեքստը, հայկական կողմը փորձում է հետ վերցնել Շուշին, բայց ապարդյուն:

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ դավադիր արկածախնդրություն: Սա նման կերպ չէր համարվի, եթե դրա համար պահանջվելիք  ռեսուրսներ տրամադրվեին, կամ գոնե չստեղծվեին խոչընդոտներ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր.

«Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Օգտվելով առիթից՝ ես նաև մասնակցել եմ երջանկահիշատակ Վահե Սիրունյանի հուղարկավորության միջոցառումներին: Այնուհետ մեկ օր զանգահարել եմ Արցախ, ինձ ասել են՝ պետք չի գալ, բայց միևնույն է՝ ես ինքնակամ հետո մեկնել եմ Արցախ՝ տարբեր գործառույթներ իրականացնելու: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև մեկ-մեկ ասում են, որ զինծառայողի հուղարկավորության համար գնացինք Երևան: Ես 40 օր գտնվել եմ այնտեղ և բազմաթիվ մտերիմ մարդիկ եմ կորցրել և չեմ գնացել, բայց ամսի 7-ին Երևան նախագահի խնդրանքով եմ գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Սա է ամբողջ իրականությունը»:

Ալիևն իր հարցազրույցում  Շուշիի գրավման հետ հարցին ի պատասխան՝ նշում է, որ տեղանքի ռելիեֆն իրենց համար շահեկան չէր, և որ, ըստ էության, ստիպված էին լեռներ բարձրանալ:

«Հայկական կողմը զբաղեցնում էր բոլոր առանցքային դիրքերը բարձունքներում՝ ստեղծելով ամուր պաշտպանական գծեր: Լեռնային ռելիեֆը ևս պաշտպանական գիծ է, և շատ բարդ»,- նշել է Ալիևը՝ Շուշիի գրավման գործում կարևորելով հատուկ նշանակության ուժերի դերակատարումը:

Ադրբեջանին Հադրութում չենք սպասել

Ի դեպ, Ալիևը, խոսելով Հադրութի օպերացիայի մասին,  նշել է, որ Հադրութում հայկական կողմն իրենց չէր սպասում, այսինքն, հայկական կողմը չի կանխատեսել, որ ադրբեջանական զինուժն այդ ուղղությամբ է շարժվելու: Ի դեպ, մեր տեղեկություններով, Հադրութում անգամ հրամանատարական կետ չի եղել:

Ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, մի առիթով ասել է, որ  «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում:

Իր հերթին՝ Ալիևը հայտարարել է, որ պատերազմի ամենակարևոր փուլը դա առաջին օրն էր, երբ իրենց հաջողվել է ճեղքել հայկական կողմի պաշտպանական գիծը, որը ստեղծվել և ամրացվել է 30 տարվա ընթացքում:

«Եթե մեզ չհաջողվեր առաջին օրը ճեղքել հակառակորդի պաշտպանական գիծը, հետագայում մեզ շատ դժվար էր լինելու»,- շեշտել է Ալիևը:

Ինչ է ստացվում՝ Պաշտպանության բանակը  չի անցել պաշտպանության վիճակի՞,  չի եղել հրամա՞ն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետից փոխանցված, թե՞ այն «չեղարկելու» մեկ այլ հրաման է եղել, այդ ինչպե՞ս է հակառակորդին հաջողվել «թունելներ»  ունեցող, լավ կահավորված  դիրք գրավել: Այս ամենը դեռ պետք է պարզել…

Սկզբնաղբյուր