Ալիեւը Հայաստանին խաղաղություն է առաջարկել Զանգեզուրի միջանցքի դիմաց․ Հայաստանը պետք է ընտրություն կատարի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու իր երկրի պատրաստակամությունը՝ կոչ անելով Երեւանին ընտրություն կատարել համագործակցության եւ տարածքային պահանջների միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանագծման եւ սահմանազատման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը խաղաղության եւ համագործակցության տարածաշրջանի վերածել: Սակայն մենք Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին դեռ չենք տեսնում»,- ասել է Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 76-րդ նստաշրջանին:

Նրա խոսքով՝ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը կարող են դառնալ տրանսպորտային նախագծերը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:

Ալիեւն ընդգծել է, որ «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ յուրաքանչյուրը պետք է դա հաշվի առնի»: Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջեւ»: