Քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են նախատեսում Արաքս գետի հովտում. իրանագետները տեղեկացնում են` պարսկալեզու որոշ հրապարակումներում նույնիսկ քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին՝  Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։

Իրանագետ Ահարոն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում  անդրադառնալով այս զորավարժությունների հիմնական ուղերձներին՝ մանրամասնեց.

«Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող իրադարձությունները և Ադրբեջանի, Թուրքիայի ու  Պակիստանի կողմից «Երեք եղբայրներ» խորագրով զորավարժությունների անցկացումը, բացի այդ՝ Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը, ինչը մեծ դժգոհություն  առաջացրեց Իրանում (իրանական կողմն արձագանքեց, որ դա պայմանավորվածությունների խախտում է, քանի որ Կասպից ծովում զորավարժություններ անցկացնելու իրավունք ունեն միայն Կասպից ծովի առափնյա երկրները, իսկ Թուրքիան առափնյա երկիր չէ)՝  այս զորավարժությունները կարելի է դիտարկել՝ որպես այս ամենին ի պատասխան:

Այս քայլերը տարածաշրջանում ուղղակիորեն հարվածում են իրանական շահերին, և Իրանն այս  զորավարժություններով ցույց է տալիս, որ նա տարածաշրջանում կա, իր հյուսիսային սահմաններն անվտանգ են, և չի հանդուժի որևէ ոտնձգություն սահմանների երկայնքով:

Բացի այդ՝ զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է, նաև վստահեցումը, որ Իրանը չի հանդուժելու իր բեռնատարների, ավտոմեքենաների, ընդհանրապես իր բնակիչների, քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»: