Էրդողան․ Ինչ-ինչ շրջանակներ զրպարտչական արշավներով թունավորում են հայ-թուրքական հարաբերությունները

Մանրամասներ

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վստահ է, որ ամերիկյան գործարարները հստակ դիրքորոշում կորդեգրեն «իրավական ու պատմական իրականությունից հեռու չարակամ քայլերի» դեմ։ Էրդողանը հույս է հայտնել, որ հենց գործարարները ամերիկյան իշխանություններին մոտ հանդես կգան երկու երկրների միջև արգելքների վերացման հարցում։

«Գիտեմ, որ լավ հասկանում եք ինչ-ինչ շրջանակների անհիմն զրպարտչական արշավների վտանգավորությունը, որոնց միակ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների թունավորումն է։ Եվ վստահ եմ, որ հստակ դիրքորոշում կորդեգրեք իրավական ու պատմական իրողություններից հեռու չարակամ քայլերի նկատմամբ»,-հայտարարել է Էրդողանը։

«Թուրքիան և ԱՄՆ-ը՝ երկու հզոր ռազմավարական գործընկեր և դաշնակիցներ են 70 տարուց ի վեր։ Այդ համագործակցությունը՝ առանձնահատուկ և ամուր հիմքի վրա, տարիներ ի վեր իր ներդրումն է բերում խաղաղությանը և լայն աշխարհագրության կտրվածքով՝ կայունությանը։ Վերջին շրջանի ճգնաժամային իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունն ու դրա արժեքը»,- այս մասին Էրդողանը հայտարարել է Նյու Յորքում՝ ԱՄՆ բիզնես շրջանակների հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը համագործակցության լայն հնարավորություններ ունեն ոչ միայն առևտրա-տնտեսական, այլև հարցերի լայն շրջանակի ոլոտներում՝ անվտանգությունից մինչև ահաբեկչության դեմ պայքար, պաշտպանությունը ու ներդրումների համագործակցությունը։

Էրդողանը նաև նշել է, որ նախորդ տարի, չնայած կորոնավիրուսի համավարակին, երկու երկրների միջև առևտրաշրջանառութունը աճել, հասել է 21 միլիարդ դոլարի։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը երրորդն է Թուրքիայից ապրանքների ներմուծող երկրների շարքում։ Հույս ունի մինչև տարեվերջ այն հասցնել 25 միլիարդի։ Էրդողանը գովել է նաև իր երկրի տնտեսությունը, տնտեսական աճի 1․8 տոկոսանոց ցուցանիշով Թուրքիան նախորդ տարի երկրորդ տեղն է զբաղեցրել «Մեծ քսանյակում» (G-20)։