ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների կտրուկ շեշտադրումները Արցախի խնդրի եւ եռակողմ հայտարարության վերաբերյալ

Մանրամասներ

1

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում եւ պնդում է Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում խնդրի կարգավորումը, դրանով պայմանավորելով խաղաղության հիմնախնդիրները։ Դա պատասխան է ՌԴ առաջին դեմքերի վերջին շրջանի հայտարարություններին, ըստ որի՝ խաղաղության պայմանագիրը պետք է լինի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համատեքստում։

Դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ն հստակ շարադրել է իր այս հանձնառությունը: Միեւնույն ժամանակ, ուշադրության արժանի է նրա մի հայտարարությունը, ըստ որի՝ «30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում»: Սա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի «եռակողմ» հայտարարությունը Հայաստանին պարտադրվել է ուժի կիրառման միջոցով, ըստ այդմ՝ այն չի կարող լեգիտիմ եւ իրավաչափ համարվել։

Իր հերթին, Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը Հետքի հետ զրույցում ասել է, որ միայն Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ ունի։ Նա ավելի հեռուն է գնացել ու մի շարք կարեւոր հանգամանքներ ընդգծել․ «Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այնտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ։ Միայն Լաչինի միջանցքն է հնարավորություն տալիս կապ հաստատել Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Այդ տարածքում մենք ունենք շրջափակման մեջ գտնվող բնակչություն», ասել է նա, ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո «որոշ հարցերի շուրջ փակուղում ենք։ Փակուղում ենք գերիների հարցում, հաղորդակցության ուղիների հարցում, ոչ մի քննարկում, բանակցություն չի ընթանում Ղարաբաղի հարցով։ Տեսնում ենք, որ այս ստատուս-քվոն վտանգավոր է։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այլ խնդիրների ենք բախվել, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին»։

ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների շեշտադրումներն աննախադեպ են՝ մի գիշերվա ընթացքում խնդիրը չի կարող հանգուցալուծվել, ստատուս քվոն վտանգավոր է, Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անվտանգային ու հաղորդակցական խնդիրներն ավելի են խորացել, Հայաստանի դեմ ագրեսիա է իրականացվել։ Սա ուղիղ հակասության մեջ է Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումների հետ, արդեն կոնկրետ շեշտադրումներով՝ նախկինում ընդհանուր բնույթի հայտարարությունների ֆոնին։

Ինչ է մտադիր անել Մինսկի խումբը եւ որքան է բանակցության վերսկսման հավանականությունը խմբում․ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ վերսկսման մասին խոսք չկա, Բաքուն դեմ է, իսկ ՀՀ կառավարությունը «սպասում է Մինսկի խմբի առաջարկներին», ինչպես ասել է վարչապետը։

Սկզբնաղբյուր