ԿԱՐԵՎՈՐ. Ինչքան մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները. Հոսսեինի

Մանրամասներ

ա

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի ղեկավար Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչքան մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները

Իրանը և Հայաստանը հին քաղաքակրթություն և հարուստ պատմական ժառանգություն ունեցող երկու հարևան ու բարեկամ երկրներ են, որոնցից ամեն մեկը իր հերթին, իր պատմության ընթացքում ունեցել է փորձություններ և դժվարություններ, ողբերգություններ, սև ու սպիտակ էջեր: Մեր երկու երկրների հարաբերությունները նույնքան հին են, որքան նրանց պատմությունը: Մեր երկու երկրները, ունենալով փոխհարաբերությունների մեծ ներուժ, մեծ հնարավորություններ և մեծ անհրաժեշտություն՝ երկար տարիների ընթացքում չեն կարողացել այդ ամենին համապատասխան հարաբերություններ կառուցել:

Արցախի վերջին պատերազմից հետո և դրան հաջորդող իրադարձություններից հետո՝ շատ մեծ անհրաժեշտություն է նկատվում երկու հարևան երկրների հարաբերությունների խորացման և ընդլայնման առումով: Արցախի վերջին պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, դրա կետերից մեկը վերաբերում է տարածաշրջանի ճանապարհների և ենթակառույցների ապաշրջափակմանը: Դրանից հետո ի հայտ եկավ տարածաշրջանի երկրների «3+3» համագործակցության պլատֆորմը, որը բոլոր երկրների համար այդքան էլ գոհացուցիչ չէր և լիարժեք չէր ներկայացնում Իրանի, Հայաստանի և Վրաստանի շահերը: Դրանից հետո, շրջանառության մեջ մտան այլընտրանքային միջազգային նախագծեր՝ Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհը և Պարսից Ծովը Սև Ծովին միացնող մեգանախագիծը, որը Հնդկաստանը Իրանի և Հայաստանի միջոցով կապում է Եվրոպական երկրներին: Այս մեգանախագծերը Հայաստանին հնարավորություն են տալիս, որ դառնա շատ կարևոր տրանզիտ երկիր՝ Ասիան Եվրոպային և Եվրասիային կապող կարևոր խաչմերուկ: Դա պատմական հնարավորություն է, որը Հայաստանը կազատագրի տասնամյակներ տևած շրջափակումներից, և հնարավորություն կստեղծի Հայաստանի համար թռիչքային մեծ զարգացում ապրելու, տարածաշրջանում շատ ազդեցիկ և ուժեղ երկիր դառնալու հարցում. հնարավորություն, որը Հայաստանը չպետք է բաց թողնի:

Մյուս կողմից՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններն են ընթանում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ առկա տարածաշրջանային տրանսպորտային և ենթակառուցվածքային ապաշրջափակման վերաբերյալ: Այդ ձևաչափով, Ադրբեջանը հաղորդակցության ճանապարհ կստանա Նախիջևանի և Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը Նախիջևանի միջոցով երկաթուղային կապ կստանա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի հետ: Թե ինչքանով է սա իրատեսական, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, թողնենք մի կողմ: Պետք է հաշվի առնենք և վերլուծենք բոլոր սցենարները և զարգացումները, բոլոր վնասները և շահույթները, որ Հայաստանը կարող է ունենալ այս ամեն ինչի մեջ: Նախ սկսենք Թուրքիայից և Ադրբեջանից: Այս տարի Թուրքիան զգալի տնտեսական աճ է գրանցել: Արտահանման ծավալները ահագին մեծացել են: Թուրքիան շատ արագ գրավում է Մերձավոր Արևելքի, արաբական երկրների, Միջին Ասիայի, աֆրիկական երկրների, եվրասիական երկրների, արևելյան Եվրոպայի երկրների շուկաները: Ըստ փորձագետների, Թուրքիան մոտակա տարիներին հնարավորություն ունի դառնալու տնտեսական գերուժ: Ադրբեջանն էլ, իր նավթի և գազի պաշարներով, գյուղատնտեսական և այլ պաշարների միջոցով, նաև՝ Թուրքիայի օգնությամբ, ապագա տարիներին տնտեսական աճ և զարգացում կապրի: Այդ պայմաններով տարածաշրջանի ճանապարհների վերաբացման պարագայում՝ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ունեն բոլոր հնարավորությունները, պոտենցիալը և պատրաստությունը՝ շատ արագ մեծ օգուտներ քաղելու իրավիճակից: Այս դեպքում ո՛ չ Իրանը, ո՛չ Հայաստանը և ոչ էլ Ռուսաստանը չունեն համագործակցություն, բավարար միջոցներ և հնարավորություններ՝ նշված ճանապարհների վերաբացման հնարավորությունները օգտագործելու ի շահ իրենց երկրների: Եթե տարածաշրջանի երկրների ճանապարհների ապաշրջափակումը առկա վիճակում տեղի ունենա, երբ որ մյուս կողմը լավ պատրաստված վիճակում է, իսկ այս կողմը՝ հնարավորությունների օգտագործման համար՝ ոչ պատրաստված վիճակում է, մյուս կողմը, միանշանակ, միակողմանի մեծ շահույթներ կստանա, կիրականացնի իր բոլոր ծրագրերը, կամրապնդի իր դիրքերը Անդրկովկասում և շատ առաջ կընկնի բոլոր առումներով:

Մենք պետք է հաշվի առնենք և արձանագրենք, որ շատ պատասխանատու , ճակատագրական ժամանակահատվածում և իրավիճակում ենք գտնվում: Սխալ հաշվարկների, ժամանակների և աշխարհաքաղաքականության սխալ ընկալումների պատճառով կկորցնենք ամեն ինչ, և իրավիճակի շտկումը ահռելի բարդ կամ անհնարին կլինի:

Իրանը և Հայաստանը ունեն լավ բարեկամական հարաբերություններ, բայց երկու երկրների ներուժին համապատասխան բավարար տնտեսական հարաբերություններ մենք չունենք: Իրանը մեծ երկիր է, և Հայաստանի համար տնտեսական մեծ հնարավորություններ կարող է ստեղծել:

Մոտ ապագայում Չինաստանը Իրանում կունենա լայնածավալ ներդրումային ծրագրեր: Հնդկաստանը Իրանի և Հայաստանի միջոցով, «Հյուսիս - Հարավ» ճանապարհի և Պարսից Ծովը Սև Ծովին միացնող ճանապարհի միջոցով՝ կապեր կստեղծի եվրասիական և եվրոպական երկրների հետ: Հայաստանը այս ամեն ինչի մեջ այն դեպքում կարող է իրավիճակ փոխել, որ օր առաջ խորացնի և լայնացնի Իրանի հետ տնտեսական բոլոր հարաբերությունները: Պարսից Ծովը Սև Ծովին միացնող միջանցքը, տարածաշրջանի ճանապարհների վերաբացումը և ապաշրջափակումը եթե չունենան իրենց գործիքակազմերը, գործարար հարաբերությունների կառուցման և զարգացման տրամաբանությունն ու մեխանիզմները, չեն կարող մեծ օգուտներ տալ Հայաստանին: Մինչև ճանապարհների ապաշրջափակումը, օ՛ր առաջ Հայաստանը պետք է հստակ ծրագրերով և ժամկետներով լայնածավալ խորացնի տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Դա իր հերթին կբերի տրամաբանական տնտեսական հարաբերությունների՝ նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ: Հայաստանի՝ Իրանի տնտեսության հետ թեկուզ մի քանի տոկոսով կապերի զարգացումը կհանգեցնի Հայաստանի փոքր տնտեսության մեծ աճին և մեծ հնարավորությունների:

Տնտեսական պատժամիջոցների պատճառով՝ մոտակա տարիներին Իրանի տնտեսական քաղաքականությունը առաջնահերթ տեղ կտա արտահանմանը: Բայց սա էլ մեծ խնդիր է Իրանի գործարար շրջանակների համար, որովհետև մեծ մասամբ չունեն միջազգային շուկաների, մասնավորապես՝ Եվրասիայի երկրների հետ աշխատելու փորձ: Հայաստանը կարող է այդ բացը լրացնել, քանի որ գործարար մշակույթով ավելի մոտ է այդ երկրներին, և կարողություններ ունի Իրանի տնտեսությունը կապելու մեծ շուկաներին:
Իրանը և Հայաստանը կարող են ունենալ լայնածավալ համատեղ ներդրումային ծրագրեր, համատեղ արտադրանքներ և արտահանման ընդհանուր մեծ շուկաների պահանջարկներին համապատասխան արտադրանքներ:

Մենք պետք է արագորեն, առանց ժամանակ վատնելու ստեղծենք համապատասխան գործիքակազմ և միջոցներ, որ տրանզիտ ճանապարհների վերաբացման դեպքում ունենանք տնտեսական հարաբերությունների պատրաստված ու տրամաբանված գործիքակազմեր՝ այս ամեն ինչից Հայաստանի և Իրանի համատեղ շահերը առավելագույնս սպասարկելու համար:

Կոչ եմ անում Հայաստանի և Իրանի առաջատար գործարար շրջանակներին, Հայաստանի մասնավոր և պետական տնտեսական կառույցներին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ Ազգային Ժողովին և նրա համապատասխան հանձնաժողովներին՝ արձագանքել և լայնածավալ մասնագիտական քննարկումներ սկսել՝ նշված հստակ նպատակներին հասնելու մեխանիզմների ու ծրագրերի մշակման և կիրառաման համար: Նաև անհրաժեշտ են ծրագրեր, միջոցառումներ՝ Իրանի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփման և փոխճանաչողության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որովհետև երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությունը ամենակարևոր դերը կխաղա այդ ամենի մեջ: Պետք է նաև արագորեն, մեծ կամքով ու հետևողական ձևով վերացնել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների բոլոր խոչընդոտներն ու խնդիրները:

Աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով՝ բացված հնարավորությունների ժամանակը սուղ է, ոչ մի օր չպետք է կորցնել՝ ի պաշտպանություն մեր երկրների ընդհանուր շահերի, և համատեղ նպատակներին հասնելու գործընթացում»: