Ես դեպքի վայրում չեմ եղել, այդ ցուցմունքները սուտ են. Տրդատ Սարգսյանը՝ փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկվելու դեպքի մասին

Մանրամասներ

1

Ես ապացուցել եմ, որ տվյալ վայրում չեմ եղել, տվել եմ տեսախցիկների ձայնագրությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Եղեգնաձորում 2019 թվականի մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստին ասաց Վայոց ձորի մարզի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տրդատ Սարգսյանը։

«Սեպտեմբերի 17-ն էր, առավոտվանից եղել է սովորական աշխատանքային օր, այցով եղել ենք Ջերմուկ քաղաքում, որտեղ պետք է իրականացվեր տնտեսական ֆորում, դրա կազմակերպչական աշխատանքներով էինք զբաղված։ Երեկոյան իջել ենք Վայք, այնտեղից էլ Եղեգնաձոր։ Հարություն Գրիգորյանի հետ իմ մեքենայով ենք եղել, նրան իջեցրել եմ մարզպետարանի մոտ, որից հետո գնացել եմ խանութ՝ մթերք եմ գնել ու գնացել իմ բնակարան։ Հանգստանալիս եմ եղել, Հարություն Գրիգորյանից զանգ եմ ստացել, որն ինձ տեղեկացրել է, որ հասնում է իմ բնակարան՝ ինձ ասելու բան ունի։ Նա եղել հուզված վիճակում, պատմել է այդ դեպքից ինչ-որ դրվագներ, այլ հստակ ինֆորմացիա ստանալու համար զանգել եմ մարզային ոստիկանության վարչության պետին։ Նա բնակվում էր հարեւանությամբ, հանդիպել ենք, տեղեկացրել եմ իմ իմացածը եւ գտել ենք նպատակահարմար, որ ինքը ներկայանա ոստիկանություն, որին ես չեմ առարկել։ Վարչության պետի հետ հանդիպումից հետո հանդիպել եմ Հարություն Գրիգորյանին, որին ասել եմ՝ ճիշտ է ներկայանալ ոստիկանություն եւ դեպքի մանրամասները հայտնել ոստիկանությանը։ Գնացել եմ բնակարան, մինչեւ բնակարան բարձրանալը զանգել եմ հիվանդանոցի տնօրենին, փորձել եմ իմանալ վիճակի մասին, հրահանգել եմ բարձր մակարդակով  իրականացնել վնասվածք ստացած սպայի բուժումը։ Բարձրացել եմ բնակարան, որից հետո էլ աշխատանքային գրաֆիկով»,- պատմեց նա։

Դատավոր Հարություն Պետրոսյանի ճշտող հարցին, թե ի՞նչ էր պատմում գործով ամբաստանյալ Հարություն Գրիգորյանը, վկա Սարգսյանը պատմեց.

«Պատմում էր, որ ուշ ժամին տուն գնալուց բակում անակատես է եղել զինվորների հայհոյախառն խոսակցության. նրա նայելը դուր չի եկել զինվորականներին, որից հետո եղել է ինչ-որ քաշքշուկ, բայց Գրիգորյանին հաջողվել է կռվի մեջ չմտնել ու հասցնել մտնել դեպի բնակարան, որից հետո զինվորականները նրան հետապնդել մինչեւ բնակարան, ստիպել են ներքեւ իջնել, եղել է քաշքշուկ ու մեկը վնասվածք է ստացել։ Հարություն Գրիգորյանը զանգել է շտապ օգնություն, եկել են եւ տեղափոխել հիվանդանոց։ Մնացածը փորձեցի ճշտել հիվանդանոցից, շտապ օգնության տեղից ասել էին, որ ընկնելուց է եղել, դա նույն իր ընկերներն էին ասել»։

Գործով մեղադրող դատախազն էլ խնդրեց վկային նկարագրել, թե ինչ տեսակի անձ է Հարություն Գրիգորյանը. «Հարություն Գրիգորյանն աշխատել է իմ մոտ մինչեւ բարեկամ դառնալը։ Նա աշխատել է իմ մոտ մինչեւ բարեկամ դառնալը։ Ինձ մոտ աշխատելու ընթացքում է ամուսնացել։ Կատարել է իր աշխատանքային պարտականությունները, իմ հանձնարարականները ըստ պատշաճի, երբեք խնդիրներ չի ստեղծվել։ Երբեք որեւէ վեճի ականատես չեմ եղել, նա փորձել է միշտ կանխել բոլոր հնարավոր վեճերը, որեւէ բացասական բան չեմ կարող ասել իմ մոտ աշխատելու ժամանակահատվածում։ Երբ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ ամեն դեպքում խուսափելու փորձ եղել է, երբ փորձել է բարձրանալ բնակարան, որտեղ ապրել է նոր ամուսնացած կնոջ հետ։ Երբ 4 հոգի քեզ հետապնդում են քո բնակարանի դիմաց, արդեն չգիտեմ՝ ինչքանով է հնարավոր խուսափել կոնֆլիկտից»։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե փոխգնդապետին ծեծի ենթարկելու դեպքին մասնակից է եղել նաեւ ինքը, Տրդատ Սարգսյանն արձագանքեց. «Այն շենքում, որտեղ ես բնակվել եմ, առաջին հարկում գործել է ատամնաբուժարան, դռան մուտքը նկարում էր, անկհայտ տեսախցիկներով երեւում է՝ երբ եմ մտնում բնակարան եւ երբ եմ դուրս գալիս։ Ես դեպքի վայրում չեմ եղել, այդ ցուցմունքները սուտ են։ Թե ինչ մոտիվ ունեն սուտ ցուցմունք տվողները, կարծում եմ՝ դուք կբացահայտեք։ Արդյոք հրաման են կատարել, թե փորձել են ինչ-որ ձեւ արդարանալ, երբ չեն օգնել իրենց ընկերոջը»։

Գործով մեղադրող դատախազի ճշտող հարցին՝ արդյոք ինքը անձնական թշնամանք ունեցե՞լ է որեւէ մեկի հետ, որ այդպիսի տեղեկատվություն է տարածվել, Սարգսյանն ասաց.

«Մարզպետի պաշտոնը քաղաքական պաշտոնը է։ Թե ո՞ր քաղաքական ուժերը կարող են այս հանգամանքն օգտագործել, փորձելով շահարկել մարզպետի՝ այնտեղ լինելը եւ դիվիդենտներ քաղել դժբախտ դեպքից, չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ 2019 թվականին սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Մխիթարյանի եւ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Գրիգորյանի միջեւ, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:

Ըստ մեղադրանքի՝ մինչ Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին եւ եղբորը՝  Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ: Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ եւ հանգիստ կանգնած Մխիթարյանին եւ դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետեւանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Գրիգորյանը, նրա եղբայրը եւ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք դիտավորությամբ ոտքերով, նաեւ գործով չպարզված առարկայով բազմաթիվ եւ անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Մխիթարյանի գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաեւ Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:

Դեպքից հետո Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության եւ մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ):