Էրոտիկ վիպասանուհուն սիրահարվելով՝ եպիսկոպոսը հրաժարական է տվել

Մանրամասներ

1

Երբ իսպանացի եպիսկոպոս Քսավիեր Նովելը հրաժարական է տվել, Հռոմի կաթոլիկ եկեղեցին զուտ անձնական պատճառներ է բերել՝ չներկայացնելով մանրամասներ, News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է BBC-ն:

Իսպանական լրատվամիջոցները պարզել են, որ նա սիրահարվել է մի կնոջ, ով «սատանայական երանգներով» էրոտիկ ստեղծագործություններ է գրում:

2010 թվականին, 41 տարեկան հասակում, նա դարձել է Իսպանիայի ամենաերիտասարդ եպիսկոպոսը Սոլսոնայում՝ Կատալոնիայի հյուսիս-արեւելքում: Նա աջակցում է գեյերի նկատմամբ կոնվերսիոն թերապիան եւ էկզորցիզմի սեանսներ է անցկացնում:

Վատիկանի համաձայնությամբ հրաժարական տալու նրա որոշումը անակնկալ էր: Հաղորդվում է, որ նա մի քանի անգամ հանդիպել է Վատիկանի պաշտոնյաների, ինչպես նաեւ անձամբ Հռոմի պապի հետ:

Քսավիեր Նովելը ավանդական տեսակետ ունի հղիության արհեստական ​​ընդհատման վերաբերյալ, սակայն հակասական են նրա սուր հայացքները նույնասեռականության եւ Կատալոնիայի անկախության աջակցության վերաբերյալ:

Religión Digital-ը հայտնել է, որ Քսավիեր Նովելը սիրահարվել է ամուսնալուծված հոգեբան եւ էրոտիկ վեպերի հեղինակ Սիլվիա Կաբալյոլին: Այժմ նախկին եպիսկոպոսը Բարսելոնայի շրջանում աշխատանք է փնտրում որպես ագրոնոմ: