Ծնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար. դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ. ՊՆ պարզաբանումը՝ Եռաբլուրում հերոսի գերեզմանը քանդելու վերաբերյալ

Մանրամասներ

Ծնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը։ Այսպիսի պարզաբանմամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հոր`Ռոման Գևորգյանի հայտարարությանը որդու գերեզմանը պղծելու վերաբերյալ։

Վարդան Ավետիսյանի խոսքով՝ Ռոման Գևորգյանին փոխանցել են նաև մյուս ծնողների բողոքները։ «Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա: Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի 6-ից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս հորդորել և խնդրել ենք: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,- պարզաբանել է Վարդան Ավետիսայնը:  

Հիշեցնենք, որ այսօր կառավարության դիմաց իրականացվել էր բողոքի ակցիա, որի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի հայրը ՝ Ռոման Գևորգյանը հայտարարել էր, որ որդու գերեզամանը քանդել են, այնինչ այդպիսի գերեզման կառուցելու համար ունեցել է պաշտպանության նախարարների և  համապատասխան մարմիների թույլտվությունը: