Փաշինյանի իշխանության երաշխավորը Ռուսաստանն է. Վիգեն Հակոբյան

Իրավիճակ

ա

Պարզ է, որ Փաշինյանը թղթի վրա փորձելու է բազմավեկտոր քաղաքականություն կառուցել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Պարզ է, որ փորձելու է թղթի վրա, համենայնդեպս, քիչ թե շատ բազմավեկտոր ինչ-որ բաներ կառուցել։ Փաշինյանը, երբ որ ասում են հակառուսական է և այլն, և այլն, իրողություններն են ստիպում Փաշինյանին ընդունել այն փաստը, որ այսօր, թե Հայաստանի և թե իր անվտանգության երաշխավորը, իր իշխանության անվտանգության երաշխավորը այս պահի դրությամբ Ռուսաստանն է, նաև ստրատեգիական դաշնակիցը։ Որևէ այլ երկրի նախկին ղեկավար այս երեսուն տարվա ընթացքում իր բոլոր ելույթներում այսքան չի շեշտել ռուսների բացառիկ դերը և ռուսների հետ հատուկ հարաբերություններ, հարաբերություններն ընդլայնելու մասին որևիցե մեկն այսքան չի շեշտել, որքան պնդում է «հակառուսական Փաշինյանը»։ Դա իրողություն է, ուզի-չուզի այդ փաստի հետ հաշվի են նստում։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ եթե ռուսներն այս պահի դրությամբ չուզեին, որ Փաշինյանը մնար իշխանության ղեկին՝ ռուսներն ունեին այլընտրանքներ, այնպես չէր, որ Փաշինյանն ամենապրոռուսական գործիչն էր Հայաստանում»,-նկատեց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը նշեց, որ ինչ վերաբերում է սեփական իշխանության պահպանման հարցին՝ Փաշինյանը բավականին զգայուն է և հոտառությունն այդ առումով բավականին սուր է։

«Նույնը չի վերաբերում պետական շինարարության, արտաքին քաղաքականության ձևավորման, բայց սեփական իշխանության պահպանման հարցում բավականին զգայուն է, հոտառությունը բավականին սուր է։ Օրինակ, ինչպես ցույց տվեց Արմեն Գրիգորյանի ՝ էպոպեան՝ տանել-բերել և հետ բերել և այլն, այդ փնթիությունը նշանակման հարցում ցույց է տալիս, որ երեք տարվա ընթացքում Փաշինյանը, այնուամենայնիվ, դեռևս չի հասկացել՝ ինչ մեխանիզմներով, ինչ ներքին մեխանիզմներ գոյություն ունեն միջպետական հարաբերություններում, հարևանների հետ հարաբերություններում, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, որ այնպես չի, որ եթե անունդ սուվերեն երկիր է, ինչ ուզում ես՝ դա ես անում՝ նամանավանդ արտգործնախարարի նշանակման հարցում մեր տիպի երկրների հարցում։ Բայց իշխանության պահպանման, դրա շուրջ սակարկության հարցում բավականին լուրջ հաջողություններ վարչապետը գրանցում է»,-ասաց Հակոբյանը։