Պարտված պատերազմի մեղքը դրվում է փառավոր մարտական գեներալների վրա

Մանրամասներ

1

Շատերն են այս տարվա Եռատոնը համարում առաջին կորսված ու ամոթալի տոնը մեր երեսնամյա անկախության պատմության մեջ։ Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2020-ի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման, ՊԲ հիմնադրման և ԵԿՄ-ի օրը, մի նշանային իրադարձություն տեղի ունեցավ, որն արդեն իսկ վկայում էր պետության և իշխանության արժեբանական դեգրադացիայի և մոտալուտ պարտության մասին։

Այդ օրը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատարանի դահլիճում ամբաստանյալի կարգավիճակով կողք կողքի նստած էին արցախյան հաղթանակի երկու գեներալ-գնդապետներ՝ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը, իսկ դատախազն ամբարտավան ոճով հայտարարում էր՝ դուք այստեղ Շուշիի ազատագրման համար չեք նստած։ Դա ասում էր Շուշիի ազատագրման օրը, դա ասում էր ուսադիրավոր ուժայինը։

Ապրիլյան պատերազմից հետո Յուրի Խաչատուրովի մասին ուղղորդված կերպով տարածվում էին ամենաստոր հերյուրանքներն ու բամբասանքները, այսօրվա շատ իշխանական պատգամավորներ իրենց սոցցանցային էջերում գրում էին, թե իբր նա պատերազմի առաջին օրը վիսկի ըմպելով բիլիարդ է խաղացել, արգելել է զորքին կռվել և նահանջի հրաման է տվել։ Այդ բոլոր բամբասանքները հենց գործող իշխանությունն էլ հերքեց իր իշխանության գալուց և ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքի ամփոփումից հետո։ Ավելին, դատարանը պարտավորեցրեց նման կեղծ պնդումներ արած մի արևմտամետ քաղաքագետի հրապարակայնորեն հերքել այդ պնդումները։

Ուշագրավ է, որ գեներալ-գնդապետի որդու՝ ոչ զինվորական, աշխարհազորային հրետանավոր Իգոր Խաչատուրովի պատերազմական լուսանկարը տարածում էին հենց այդ նույն հերյուրանք տարածողները։ Ամենաուշագրավը, սակայն, Յուրի Խաչատուրովի մյուս որդու՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ այս իշխանության վերաբերմունքն էր։ Քանի դեռ անցած տարվա հուլիսին Տավուշում նա՝ որպես զորամիավորման հրամանատար, փառավոր մարտեր էր ղեկավարում, հրաշալի զինվորական էր, իսկ երբ ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո հարկ համարեց անձնապես վերահաստատել Փաշինյանի պաշտոնանկության հարցում իր սկզբունքային դիրքորոշումը, կարգվեց ներքին թշնամի և ազատվեց պաշտոնից։

Բանակի հրամանատարության հետևողական վարկաբեկման շարքում ևս մի հետաքրքրական դրվագ կա, որի մասին այսօր քիչ են հիշատակում։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հրաժարական տվեց 2018-ի դեկտեմբերին՝ հայտնի քաղաքական խարդավանքներից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր մարզային քարոզարշավային այցերին հեռակա սպառնում էր Պաշտպանության բանակի ղեկավարությանը, կոչ անում չմիջամտել ներհայաստանյան քաղաքական կյանքին, այն դեպքում, երբ ինքն անարգել խոսում էր Արցախի անունից ու Արցախի փոխարեն։

Փաշինյանը նաև պնդում էր, թե Մնացականյանի հրաժարականը որևէ կերպ չի ազդի ՊԲ մարտունակության վրա։ Մինչդեռ նրանից հետո փոխվեց ևս երեք ՊԲ հրամանատար՝ Կարեն Աբրահամյան, Ջալալ Հարությունյան, Միքայել Արզումանյան։ Պարտադիր չէ ծառայած լինել՝ հասկանալու, թե որքան անցանկալի են բանակի հրամանատարության և պաշտպանական շրջանների հրամանատարների հաճախակի փոփոխությունները, հատկապես այն դեպքում, երբ ամեն հաջորդն առնվազն ավելի լավը չէ նախորդից։

Պետք է ընդունել, որ այս պատերազմը հիմնիվեր փոխեց մեր պատկերացումները նաև փառավոր մարտական գեներալների մասին։ Եթե մինչ այդ նրանց հասցեին բոլոր զազրախոսությունները, վիրավորանքները, բամբասանքներն ու ասեկոսեները զուտ կենցաղային բնույթ էին կրում և կապված էին անձնական հարստացման դրվագների հետ, ապա հիմա պարտված պատերազմի մեղքը ևս նրանց վրա է դրվում։ Իսկ բանակի հակազդումը, բացի բանավոր հայտարարությունից, ապա և կարճ ժամանակ անց դրա հրաժարումից, առանձնապես զգալի չէ։

Դավիթ Սարգսյան, «Հրապարակ»