Անտվերպենի քաղաքապետի կարծիքով՝ Բելգիայի տարածքի 40 տոկոսը զբաղեցնող Ֆլանդրիայի շրջանը պետք է կցվի հարևան Նիդեռլանդներին

Մանրամասներ

Բելգիայի Անտվերպեն քաղաքի քաղաքապետ Բարտ Դը Վեվերը կարծում է, որ Ֆլանդրիայի շրջանը պետք է կցվի հարևան Նիդեռլանդներին, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով KazaalZ հեռուստաալիքին տված քաղաքապետի հարցազրույցին։

«Ես երբեք չեմ հրաժարվել այս երազանքից, որ հոլանդերեն խոսող բոլոր մարդիկ միասին ապրեն միացյալ Նիդեռլանդներում։ Սա անձնական տեսակետ է, և հասարակությունը դեռևս պատրաստ չէ դրան: Սակայն ինչն այսօր անհնար է, վաղը կարող է իրականություն դառնալ», - ասել է Անտվերպենի քաղաքապետը՝ հավելելով, որ այդ միացումը կնպաստի աշխարհի ամենաուժեղ տնտեսություններից մեկի ստեղծմանը։ Ըստ քաղաքական գործչի՝ Անտվերպենի և Ռոտերդամի նավահանգիստները կարող են դառնալ Հյուսիսարևմտյան Եվրոպայի տնտեսության դարպասները:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բարտ Դը Վեվերը «Նոր ֆլամանդական դաշինք» (N-VA) կուսակցության անդամ է, որը հանդես է գալիս Ֆլանդրիային ինքնավարություն, ապա անկախություն տրամադրելու օգտին։

Պետք է նշել, որ շրջանը կազմում է Բելգիայի տարածքի 40 տոկոսը և ներառում է 5 հյուսիսային նահանգները։ Այն երկրի տնտեսապես զարգացած հյուսիսային մասն է, որտեղ հոլանդերեն են խոսում։ Ֆլամանդական կուսակցությունները պահանջում են շրջանի համար ավելի շատ ազատություն: