Քանի որ ՀՀ քաղաքացիներն այդպես են ուզել, ուրեմն կշարունակեն նորանոր ցավոտ զիջումների գնալ, իսկ աշխարհը շնորհակալ կլինի Ալիևից․ 168․am

Մանրամասներ

1

Մի քանի մեջբերում Փաշինյանի և Ալիևի հետ վերջին հանդիպումների ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքից, որոնք շատ բան են ասում Հայաստանի ներկայիս կարգավիճակի մասին.

Փաշինյանին` «Եվ իհարկե, ցանկանում եմ ևս մեկ անգամ, արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ»:

Ալիևին` «Ид мубарак! С праздником [Курбан-байрам]! Շնորհավորում եմ Ձեզ, ամենայն բարիք»։

Ինչպես տեսնում եք, Փաշինյանին շնորհավորում է անձնական հաջողության համար՝ դա կապելով ցավոտ զիջումների հետ, իսկ Ալիևին շնորհավորում է համազգային տոնի առիթով, այսինքն՝ այստեղ շնորհավորանքն ուղղված էր պետությանը։ Կարևոր է նաև Պուտինի շնորհավորանքը մահմեդական տերմինով, ինչը ընդգծված ժեստ էր։

Ալիևին՝ «Մյուս տարի մենք մեծ տոն ենք նշում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը»։

Թեև մյուս տարի լրանում է նաև հայ-ռուսական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս մասին Պուտինը ոչինչ չասաց, առավել ևս, այն չանվանեց «մեծ տոն»։

Փաշինյանին՝ «Ուրախ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար, խոսելու այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում»։

Ալիևին՝ «Շնորհակալ եմ Ձեզ, որ համաձայնեցիք գալ»։

Այստեղ նույնպես տոնայնության տարբերությունը նկատելի է. եթե Փաշինյանի դեպքում ուղղակի նշում է, որ ուրախ է հանդիպման հնարավորության համար, ապա Ալիևին շնորհակալություն է հայտնում Մոսկվա ժամանելու համար։

Եթե Փաշինյանի հետ խոսակցության ժամանակ անդրադառնում է միայն ընտրությունների արդյունքներին ու սպասվող ցավոտ լուծումներին, ապա Ալիևի հետ խոսակցության ժամանակ առանձնակի շեշտադրում է տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Մասնավորապես նշում է․ «Առաջիկայում մենք նախատեսում ենք ձեզ մոտ ուղարկել մեր ներկայացուցչական պատվիրակությանը․․․ այն լինելու է խառը, խումբ՝ տարբեր ուղղություններով։ Նկատի ունեմ և՛ արդյունաբերությունը, և՛ տրանսպորտը, և՛ ենթակառուցվածքները և այլ հարցեր»։ Սա վկայում է այն մասին, որ եթե Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգում առաջնահերթությունը տրվում է քաղաքական զարգացումներին և սպասվող զիջումներին, ապա Ադրբեջանի հետ զուգահեռաբար կարևորություն է տրվում հարաբերությունների ավելի լայն սպեկտորի։

Սակայն երկու ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ Պուտինի խոսքի ամենակարևոր դրվագը վերաբերում է հակամարտության կարգավորմանը․

Փաշինյանին՝ «Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, շատ սուր և զգացմունքային հարցերը, որոնք հարկավոր է լուծել, կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում։ Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները։ Իրականում դա շատ կարևոր է, դա ամենագլխավորն է»:

Ալիևին՝ «Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Գիտեմ, որ Դուք, իհարկե,  շատ մեծ ուշադրություն եք դարձնում (կարևորություն եք տալիս), և ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել նրա համար, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք կարգավորում ենք ուզում, իսկ մենք դա ուզում ենք, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ»։

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանին ուղղակի ասում է, որ կան դժվար, սուր և զգացմունքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, հետևաբար՝ կարևոր է ժողովրդի աջակցությունը։ Ըստ նրա, դա ամենակարևոր հարցն է, այսինքն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման օրակարգի ամենակարևոր հարցը Հայաստանի կողմից սպասվող նոր, ցավոտ զիջումներն են։ Ադրբեջանի պարագայում բոլորովին այլ պատկեր է։

Պուտինն Ալիևին շնորհակալություն է հայտնում կոմպրոմիսային լուծումներ գտնելու համար. ուշադրություն դարձրեք՝ այստեղ խոսք չկա Ադրբեջանի համար ցավոտ կամ սուր լուծումների մասին։ Նշում է, որ մինչ այժմ հաջողվել է փոխզիջումային լուծումներ գտնել, որի համար շնորհակալություն է հայտնում Ալիևին։ Ստացվում է, որ մինչ այժմ, երբ ինչպես գիտենք՝ բոլոր հարցերում զիջել է միայն հայկական կողմը, իսկ Ադրբեջանը ոչ մի կոմպրոմիսի չի գնացել, ՌԴ նախագահը, այնուամենայնիվ, շնորհակալություն է հայտնում հենց վերջինիս, մինչդեռ հայկական կողմից  ակնկալվում են դեռ նոր ցավոտ լուծումներ։

Իհարկե, այսպիսի խոսակցություններն արարողակարգային բնույթ ունեն, սակայն պետք է նկատի ունենալ, որ դրանց ժամանակ պատահական խոսքեր չեն հնչում, այդ խոսքերը հաճախ կարևոր ուղերձներ են պարունակում այն երկրների հասարակությանը, որոնք այս կամ այն պաշտոնյայի միջոցով ներկայացված է նմանատիպ հանդիպումներին։ Եթե փորձենք հակիրճ բնութագրել հայ հասարակությանն ուղղված ուղերձը, ապա այն հետևյալն է․ «Դուք ընտրել եք կապիտուլյանտ վարչապետ, հետևաբար՝ պատրաստ եղեք նոր, ցավալի լուծումների, Ադրբեջանը ունի անզիջում ղեկավար, հետևաբար՝ շնորհակալ ենք, որ գոնե ինչ-որ հարցերում գնացել է կոմպրոմիսների։ Կարճ ասած, քանի որ ՀՀ քաղաքացիներն այդպես են ուզել, ուրեմն կշարունակեն նորանոր ցավոտ զիջումների գնալ, իսկ աշխարհը շնորհակալ կլինի Ալիևից»։

Միանշանակ, այս ամենում բնավ Ռուսաստանն ու Պուտինը չեն մեղավոր, նրանք ընդամենը ստիպված են ընդունել հայ ժողովրդի որոշումը, և այդ որոշման արդյունքում վարչապետ դարձած անձի հետ այսպես են վարվելու։ Հայաստանի և մեր իշխանությունների նկատմամբ ճիշտ նույնպիսի վերաբերմունք են ցուցաբերում նաև մյուս գերտերություններն ու նրանց ղեկավարները։ Այսինքն, Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքը ամբողջությամբ համարժեք է Նիկոլ Փաշինյանին վարչապետ կարգած քաղաքացիների՝ սեփական պետության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքին։

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները