Կարո՞ղ ա գիտեք՝ պիտի գնամ կարիճ լիլոների հետ նստեմ

Մանրամասներ

1

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոքարկել է, սակայն նիստ դեռևս չի նշանակվել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։ Նրան հարցրինք նաև, թե ճի՞շտ է, որ առերեսում է տեղի ունեցել Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի հետ, ի վերջո նա Առուշանյանի դեմ ցուցմունք տվե՞լ է․

«Այո, Լուսինե Ավետյանի հետ առերեսում է տեղի ունեցել, որից հետո նա ազատ է արձակվել։ Ես ենթադրում եմ, որ այդպես էլ եղել է, որովհետև ամսի 7-ին, երբ նա առաջին անգամ ցուցմունք է տվել, նա փաստացի հերքել է Առուշ Առուշանյանի կողմից հանցանք կատարելը՝ շատ հստակ և հանգամանալից ցուցմունք տալով, որ երբևէ Առուշանյանի հետ չի ունեցել խոսակցություն այն մասին, որ այդ դրամական օգնությունները, որոնք տրամադրվում են, «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար են, սակայն հետո, անհասկանալիորեն, ամսի 9-ին ու 12-ին ցուցմունք է տալիս ու ասում, որ նման խոսակցություն են ունեցել։ Հասկանում ենք՝ սա մի քիչ անլուրջ իրավիճակ է, և դրանից հետո բոլորս տեսնում ենք, որ առերեսման ժամանակ նա փաստացի պնդում է իր ցուցմունքը, և առերեսումից հետո հաջորդ օրը նա ազատ է արձակվում։ Ավելին Ձեզ ասեմ, նա առերեսման ժամանակ արձանագրությունից դուրս հայտարարեց՝ «Բա կարող ա գիտեք՝ ես պիտի գնամ Աբովյան ՔԿՀ, «կարիճների» կամ չգիտեմ՝ ում հետ նստեմ»,- ասաց պաշտպանը։

Հարցրինք՝ հայտնի Կարիճ Լիլոյի՞ն նկատի ուներ․

«Այո, ենթադրում եմ՝ դրա մասին էր խոսքը գնում, և ես նման պայմաններում ողջամտորեն կարող եմ ենթադրել, որ նա դատախազության հետ գնացել է գործարքի, և իր համապատասխան, այսպես ասած միսիան կատարել է, և հիմա գտնվում է ազատության մեջ։ Այս ամենը ունի տրամաբանական կապ, դա, կարծում եմ, յուրաքանչյուրին է պարզ»,- ասաց պաշտպանը։ 

Մենք փորձեցինք զրուցել նաև Լուսինե Ավետյանի հետ, սակայն նրա բջջային հեռախոսահամարը մշտապես անհասանելի էր։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունն էլ էր իր մեկնաբանության մեջ նշել, որ Ավետյանը դատախազության հետ համագործակցության է գնացել․

«Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։ Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը եւ հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը, եւ գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- հայտնել են դատախազությունից։

«Հրապարակ»