ժողովրդին վախեցնում են նոր պատերազմով. Սահմաններին զինուժ են կենտրոնացնում, դրանք բերվել են մարտական պատրաստության

Իրավիճակ

Հայ հասարակությունը տենդագին վերլուծում է տարածաշրջանում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում, եւ ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։

Մտածելու ունակ մարդիկ տարբեր իրադարձություններ ու փաստեր դնում են կողք-կողքի եւ մեզ համար ոչ այնքան շահեկան հետեւություններ անում։ Ոմանք հակված են նույն շղթայի մեջ դիտել եվրոպական բարձր պաշտոնյաների հաճախացած այցերը տարածաշրջան, Եվրամիությունից ստացվող ներդրումային միջոցները, որոնք աննախադեպ են, ադրբեջանական իշխանությունների ակտիվացումն ու ագրեսիվ հռետորաբանությունը։ Այդ շղթայի բաղկացուցիչներից են նաեւ Սյունիքի համայնքապետերի կալանավորումը, Սյունիքն անպաշտպան թողնելը, սահմանին ապրողների պայքարի ոգին կոտրելը։

Նույն շղթայի օղակներից է նաեւ ԵԽ նախագահի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի հայտարարությունը․

«Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին»։

Մեր տեղեկություններով, սահմաններին սկսել են զինուժ կենտրոնացնել, դրանք բերվել են մարտական պատրաստության։ Եվ իշխանամետ մամուլում ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում նոր պատերազմի մասին տեղեկատվությունը, հակառուսական տրամադրություններ են հրահրվում։

Փորձագետները սրան մեկ բացատրություն ունեն՝ գործող վարչակազմը որոշել է ձեռնամուխ լինել սահմանազատման, որոշ տարածքների հանձնման, մեզ համար ոչ շահեկան փաստաթղթերի ստորագրման գործընթացին, եւ դրա համար հող են նախապատրաստում։

Պարզ ասած՝ ժողովրդին վախեցնում են նոր պատերազմով եւ քանի որ վստահ են, որ մարդիկ պատերազմ չեն ուզում, ապա ցանկացած զիջումը, վստահ են՝ ընդվզում չի առաջացնի։

Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում