Այ ուրացող հայեր, ժամանակին ձեզ զիջել ենք Արևմտյան Ադրբեջանը, հիմա մի մասը պետք է վերադարձնեք․ Ծածկագրված ուղերձներ

Մանրամասներ

1

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է.

«Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամա­նակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան…»:

Այս էլ քանի անգամ Ադրբեջանը թքում է Հայաստանի վրա, չէ, քաղաքապետի խոսնակի սիրած բառով՝ խնչում է: Ով է սաստելու նրան:

Հասկանալի է, որ եթե գոյություն ունեն պետություններ, ապա մերթընդմերթ կլինեն պատերազմներ, հետևաբար, հաղթանակներ ու պարտություններ, հազա­րավոր զոհեր, հաշմվածներ ու գերիներ:
Բայց այսպիսի իրավիճակ, ինչին հանդիպել ենք հետպատերազմյան շրջանում, դժվար թե հանդիպի արեգակնային համաստեղության որևէ մոլորակի վրա: Անկլավներ, սահմանազատում, Զանգեզուր, Սևան- Էրիվան, հիմա էլ Արևմտյան Ադրբեջան: Ավելորդ է ասել, թե ինչ է նշանակում անկլավը, որտեղից է առաջացել, ինչու է առաջացել և ինչու է միայն Հայաստանում առաջացել, իսկ ինչու անկլավ Արցախը Հայաստանին չի պատկանում: Նախիջևանն ի՞նչ կապ ունի Ադրբեջանի հետ: Պարզվում է՝ ունի:

Քանի որ Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան է, ապա փոխվար­չապետերն ինչ միջանցքների մասին են բանակցում: Ինչպե՞ս կարող է միջանցքի կամ հաղորդակցության խնդիր լինել Արևմտյան Ադրբեջանի և Արևելյան Ադրբեջանի միջև: Իսկ եթե լինի էլ, ապա բանակցություններին ինչո՞ւ պետք է մասնակցեն հայեր: 

Գուցե նման հայտարարությունները ծածկագրված ուղերձներ են պարունակում. այ ուրացող հայեր, ժամանակին ձեզ զիջել ենք Արևմտյան Ադրբեջանը: Հիմա խնդիր ունենք, մի մասը պետք է վերադարձնեք: Մնացածի վրա էլ վեր ընկեք ու կծկված գոյատևեք: Հիրավի «մեծահոգի» են ադրբեջանցիները: Հիրավի «արժանապատիվ» են պահում իրենց՝ Արևմտյան Ադրբեջանի տարածքում ծվարած Հայաստանի իշխանութ­յունները:

Գագիկ Վարդանյան, «Հրապարակ»