Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվողներից ոմանք եղել են ԱՄՆ ծառայությունների իրազեկիչներ. CNN

Մանրամասներ

Հարձակման մասնակիցներից ոմանք, որի ժամանակ սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը, նախկինում եղել են ԱՄՆ իրավապահ մարմինների իրազեկիչներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN-ին։

Աղբյուրների խոսքով՝ նման եզրահանգման են եկել տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրող քննիչները։ Նյութում ներկայացվում է ԱՄՆ թմրանյութերի տարածման դեմ պայքարի վարչության հայտարարությունը, որը հաստատել է, որ կասկածյալներից մեկը պարբերաբար իր աշխատակիցների համար հանդես է եկել որպես տեղեկատվության «գաղտնի աղբյուր»։

Հայտարարությունում նշվում է, որ Մոիզի սպանությունից հետո այդ իրազեկիչը կապվել է վարչության աշխատակիցների հետ։ Վերջինները նրան կոչ են արել հանձնվել իշխանություններին, ինչպես նաեւ տեղեկացրել են Հաիթիում պաշտոնական անձանց շփումների տվյալների մասին։ Վարչությունում ասել են, որ նշված իրազեկիչը, ինչպես նաեւ եւս մեկ կասկածյալ արդյունքում հանձնվել են Հաիթիի իշխանություններին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վարչությունում տեղեկացված են այն մասին, որ տվյալ ծառայության անվանումը բղավել են Մոիզի վրա հարձակման որոշ մասնակիցներ։ ԱՄՆ պաշտոնական անձինք հավաստիացրել են, որ հարձակվողները վարչության ներկայացուցիչներ չեն եղել։

Հեռուստաալիքի աղբյուրները հավաստիացնում են, որ կասկածյալների թվում կան մարդիկ, ովքեր նախկինում եղել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրազեկիչներ։ ՀԴԲ ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։ Նրանք միայն ասել են, որ հետաքննությունների անցկացման ժամանակ օգտագործում են «օրինական աղբյուրներ հետախուզական տվյալներ հավաքելու համար»։

Նյութում ասվում է, որ հարձակման որոշ մասնակիցներ եղել են «կոլումբիական վարձկաններ, որոնց վարձել են Ֆլորիդա նահանգում գտնվող ընկերության միջոցով, որն աշխատում է անվտանգության ոլորտում»։ Գործողությունը, ենթադրաբար, համակարգել է Քրիստիան Էմանուել Սանոնը, որը կալանավորված է Հայիթիում։ Նա իբր սկզբում տեղեկացրել է աշխատանքի ընդունված մարդկանց, որ նրանք պետք է պահպանեն իրեն։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, էլ ավելի շատ տեղեկատվություն է հայտնվում, որը վկայում է այն մասին, որ Մոիզի դեմ հարձակումը կարող էր մասամբ պատրաստված լինել ԱՄՆ-ում։

Մոիզը մահացու վիրավորվել էր հուլիսի 7-ին իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։ Դրանից հետո Նախարարների խորհուրդը հանրապետությունում 15 օրով մտցրել է ռազմական դրություն։